09:23 | 12.01.22 | Նորություններ | 6943

Կներկայացվեն Traction ծրագրի երկրորդ շրջափուլի 8 ստարտափ շրջանավարտները

Հունվարի 25-ին Հայաստանի ստարտափ ակադեմիան կանցկացնի առցանց Դեմո օր՝ ներկայացնելու իր Traction ծրագրի երկրորդ շրջափուլի 8 ստարտափ շրջանավարտներին:

12-շաբաթյա մենտորության ծրագիրը՝ միտված օգնելու պրոդուկտ ունեցող եւ արդեն արդյունքներ գրանցած ստարտափներին արագացնել իրենց աճը եւ ներդրումներ ներգրավել, մեկնարկել է 2021 թվականի սեպտեմբերին:

Ծրագիրն իրականացվում է Catalyst հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ (EU-ITTD)։

Հայաստանի առաջատար բջջային օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը միացել է նախաձեռնությանը որպես կորպորատիվ գործընկեր եւ աջակից։

Ծրագրի շրջանակներում 8 ստարտափները, որոնք առաջարկում են տեխնոլոգիական լուծումներ կրթական, ֆինանսական, մեդիայի, տեղեկատվական անվտանգության, դեղագործության եւ առողջապահության ոլորտներում, ինտենսիվ աշխատել են Zynga-ից, CARFAX-ից, Dave-ից, Fyber-ից եւ այլ միջազգային ընկերություններից մենտորների հետ։

Թիմերը մշակել են աճի հաքինգի, վաճառքի եւ ներդրումների ներգրավման ռազմավարություններ՝ իրագործելով առաջադրված զարգացման նպատակները:

12 շաբաթների ընթացքում թիմերին հաջողվել է ապահովել միջազգային վաճառքներ ԱՄՆ-ում հավատարմագրված համալսարանների, կենսատեխնոլոգիական լաբորատորիաների հետ, գործարկել պրոդուկտների բարելավված տարբերակները IOS եւ Android հարթակներում, գրանցել օգտատերերի բազայի միջինում 70% աճ եւ ընդունվել միջազգային աքսելերացիոն ծրագրեր, ինչպիսին է TechStars-ը:

5 ընկերություն հնարավորություն են ստացել արժանանալու EU-ITTD ծրագրի կողմից տրամադրվող 50 000 եվրոյի չափով դրամաշնորհին։
    
Traction ծրագրի դեմո օրը հեռարձակվելու է Hero House-ի YouTube ալիքով 2022 թվականի հունվարի 25-ին, ժամը 20.00-ին։

Բոլոր հետաքրքրվածները կարող են գրանցվել ուղիղ հեռարձակման հղումը ստանալու համար: Այն ներդրողները, ովքեր ցանկանում են Դեմո օրվան հաջորդող անհատական հանդիպումներ ունենալ ստարտափ հիմնադիրների հետ, կարող են գրանցվել «Investor Pass» տոմսով: Լրացուցիչ տեղեկությունները կուղարկվեն էլեկտրոնային փոստով: Նախնական գրանցումը, որը բաց կլինի մինչեւ դեմո օրը, պարտադիր է։