10:20 | 11.12.21 | Նորություններ | 6867

Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի հաղթողները Հայաստանում են

Միկրոէլեկտրոնիկայի 16-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողներից երկուսը՝ երրորդ մրցանակին արժանացած Անջելա Կոստիչը (Սերբիա) եւ Դեյան Գուտիչը (Բոսնիա-Հերցոգովինա) ժամանել են Հայաստան՝ ստանալու իրենց մրցանակները հատուկ արարողության ընթացքում։

Մրցանակների հանձնումը տեղի է ունեցել Երեւանի Մատենադարանի դահլիճում:

Օլիմպիադայում մրցել է 436 մասնակից 13 երկրից՝ ԱՄԷ, ԱՄՆ, Արգենտինա, Բելառուս, Բոսնիա եւ Հերցեգովինա, Բրազիլիա, Եգիպտոս, Հայաստան, Պերու, Ռուսաստան, Սերբիա, Վիետնամ եւ Ուկրաինա:


Օլիմպիադան իրականացվել է երկու փուլով: Առաջին փուլն անցկացվել է մասնակից բոլոր երկրներում միաժամանակ` ստուգարքի ձեւով, իսկ երկրորդ՝ եզրափակիչ փուլը ներառել է ճարտարագիտական բարդագույն խնդիրներ, որոնք պահանջում են համապարփակ լուծումներ: Առաջին փուլի 436 մասնակիցներից 21-ն անցել են եզրափակիչ փուլ, որը տեղի է ունեցել առցանց՝ հոկտեմբերի 8-ին: 21 մասնակիցներից 6-ը Հայաստանից էին, իսկ 15-ը՝ մյուս երկրներից:

Առաջին մրցանակին արժանացել է Հայաստանը ներկայացնող 23-ամյա Ժաննա Խոջայանը: Նա Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի մագիստրոսական ծրագրում ընդգրկված 2-րդ կուրսի ուսանողուհի է, սովորում է «Սինոփսիս Արմենիայի» Ուսումնական դեպարտամենտում եւ արդեն աշխատում է ընկերությունում՝ որպես ճարտարագետ։


Օլիմպիադայի նախաձեռնողն ու գլխավոր կազմակերպիչն է «Սինոփսիս Արմենիա»-ն, իսկ գլխավոր գործընկերը՝ Վիվա–ՄՏՍ–ը: Գլխավոր աջակիցն է «Յունիքոմփ» ընկերությունը:


«Մենք տեսնում ենք միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի դրական ազդեցությունը՝ ՏՀՏ ոլորտում արձանագրվող հաջողությունների եւ ապագայի ներուժի հետագա զարգացման առումով: Այդ իսկ պատճառով տարիներ շարունակ մենք աջակցում ենք այս մեծ ու երկարաժամկետ նախաձեռնությանը։ Ամեն տարի օլիմպիադայի օգնությամբ բազմաթիվ երիտասարդներ հենց իրենք են սահմանում իրենց՝ նորարարության, զարգացման եւ ստեղծագործելու սահմանները: Հպարտ եմ, որ 16-րդ օլիմպիադայի առաջին մրցանակակիրը Հայաստանից է։ Սա մեծ ձեռքբերում է եւ ահռելի հաջողություն բոլորիս համար», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։