17:25 | 19.11.21 | Նորություններ | 1700
Նոյեմբերի 19-ին Մատենադարանում կայացել է Silicon Mountains 2021 տեխնոլոգիական միջազգային գագաթնաժողովը, որը նվիրված էր տնտեսության մեջ խելացի լուծումների կիրառությանը։
Համաժողովի հատուկ հյուրն էր Սինոփսիս վերազգային ընկերության նախագահ Չի-Ֆուն Չանը (Chi-Foon Chan), ով ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2020 թվականի (GIT Award 2020) մրցանակակիրն է։
«Հայաստանը կարող է մեծ օգուտ քաղել տեխնոլոգիական աշխարհում տեղի ունեցող փոփոխություններից՝ անցկացնելով ուսումնասիրություններ եւ ճանաչելով հնարավոր առավելությունները։ Ձեր երկիրը ներուժ ունի՝ կարող է դառնալ ոչ միայն տեխնոլոգիական ծառայություններ մատուցող, այլեւ մտավոր սեփականության, ծրագրային ապահովման խոշոր արտահանող եւ կարեւոր լուծումների ստեղծող։ Ես երկար տարիներ աշխատել եմ հայ մասնագետների հետ եւ արել եմ այսպիսի դիտարկումներ՝ առաջին 5 տարիների ընթացքում նրանք զարգացնում են իրենց մասնագիտական հմտությունները, հաջորդ 5 տարիների ընթացքում իրականացնում են շատ բարդ միջազգային նախագծեր, ինչից հետո արդեն ղեկավարում են այդպիսի նախագծերը։ Հույս ունեմ, որ այժմ հայ մասնագետները եւս մեկ քայլ առաջ կանեն եւ կսկսեն նոր ուղղություններ սահմանել տեխնոլոգիական շուկայում»,- նշել է Չի-Ֆուն Չանը:
Գագաթնաժողովի ընթացքում կայացել է չորս պանելային քննարկում:
Առաջինը նվիրված էր Թվային խելացի տնտեսության շարժիչին (Միկրոէլեկտրոնիկա, Արհեստական բանականություն): Պանելային քննարկմանը մասնակցում էին «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը, ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը, «Քեյր Թեքնոլոջիս» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Ղուլյանը եւ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը:
ՏՀՏ ենթակառուցվածքը՝ որպես թվային տնտեսության հիմք (Հեռահաղորդակցություն) խորագրով երկրորդ պանելային քննարկման մասնակիցներն էին «Վիվա-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Ռոստելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը, «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի Հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը:
Երրորդ պանելային քննարկմանը, որին մասնակցում էին «Թումո»-ի տնօրեն Մարի Լու Փափազյանը, ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, BANA-ի տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը եւ «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը, նվիրված էր Թվային խելացի տնտեսության էկոհամակարգի զարգացմանը (կրթություն, տարածաշրջանային զարգացում, խելացի քաղաք, ստարտափներ):
Վերջին՝ չորրորդ պանելային քննարկումն անցկացվում էր Թվային տնտեսության մարտահրավերները (Կիբեռանվտանգությունը 4-րդ արդյունաբերական հեղափոխության եւ ֆինտեխի դարաշրջանում) խորագրի ներքո:
Միջոցառման կազմակերպիչը Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն էր: Գագաթնաժողովի գլխավոր հովանավորը «Յունիքոմփ» ընկերությունն է, աջակիցներն են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, «Սինոփսիս Արմենիա» ընկերությունն ու «ԱԿԲԱ բանկ»-ը: