14:06 | 30.10.21 | Հոդվածներ | exclusive 35772

Հայկական «3 dzook»-ը մեկ քլիքով արվեստ է ստեղծում

Հայկական «3 dzook» ստարտափը ստեղծել է տեխնոլոգիա, որն օգտագործելով արհեստական բանականությունը (AI)`դիմանկարային լուսանկարները վերածում է իլյուստրացիաների, իսկ տեսանյութերն՝ անիմացիաների:

«Ինչո՞ւ 3 ձուկ, որովհետեւ ստարտափը 3 ընկերուհիներով ենք սկսել: Իսկ ձուկ, որովհետեւ լավ սիմվոլ է՝ ազատության, հանդարտության: Ձուկը լողում է՝ ուր ուզում է, երբ պետք է՝ նաեւ հոսանքին հակառակ: Լրիվ մեզ նման», - ժպիտով պատմում է ստարտափի համահիմնադիր Ագաթա Բադալյանը:

Նրա հետ զրուցում ենք անցած ճանապարհի մասին՝ գաղափարից մինչեւ Snapchat-ի հետ համագործակցություն:

Անհատական նվերներից՝ արհեստական բանականությամբ աշխատող տեխնոլոգիա  

Ես նկարիչ եմ, իլյուստրատոր ու մարդիկ ինձ միշտ ասում էին՝ «մի հատ ինձ կնկարե՞ս»: Սեփական նկարն ունենալը, նկարված լինելը մարդկանց մեծ մասի ցանկությունն է: Եթե ուշադիր լինեք, թանգարաններում ցուցադրվող նկարների մեծ մասը պորտրետներ են: Այդպես է եղել դարեր առաջ, այդպես է նաեւ հիմա:

Քիչ-քիչ նկարելը փոքրիկ բիզնեսի վերածվեց: Երեք ընկերուհիներով՝ ես, Իրինա Միրյանը եւ Հասմիկ Մինասարյանը սկսեցինք անհատական նվերներ պատրաստել: Մարդիկ ուղարկում էին իրենց լուսանկարները, մենք իլյուստրացիաներ էինք նկարում, հետո դրանք տպագրում տարբեր իրերի՝ շապիկների, բաժակների, հեռախոսի պատյանների վրա: Այսպիսի նվերների պահանջարկը գնալով ավելանում էր: Սկսեցինք մեծ պատվերներ վերցնել նաեւ տարբեր ընկերություններից:

Աշխատում էինք HR մասնագետների հետ, որոնք մեզ մոտ իրենց աշխատողների համար անհատական նվերներ էին պատվիրում: Մի պահ եկավ, որ պատվերները ձեռքով նկարելով հասցնելը շատ դժվար էր: Օրինակ՝ Նոր տարուն ընդառաջ մեզ հետ կարող էին կապվել ու առաջարկել մեկ օրում 130 անհատական բաժակ պատրաստել: Սկսեցինք մտածել, որ լավ կլիներ մտածել մի տեխնոլոգիա, որը կհեշտացներ մեր աշխատանքը, բայց չգիտեինք՝ ինչ ու ինչպես:

Ագաթա Բադալյանը Ագաթա Բադալյանը
photo © Մեդիամաքս


Բարեբախտաբար, այդ ընթացքում հանդիպեցինք Աբել Ղազինյանին՝ մեր ներկայիս տեխնիկական տնօրենին ու նա խորհուրդ տվեց օգտագործել արհեստական բանականություն (AI), որը կկատարի մեր ձեռքի աշխատանքը: Ինձ համար դա շատ միստիկ էր ու մինչեւ հիմա էլ այդպես է մնում. ինչպե՞ս կարող է ինչ-որ կոդ քո փոխարեն, քո ոճով նկարել: Բայց շատ հետաքրքիր էր: Օգտագործելով մեր երկու տարվա նկարների բազան՝ սկսեցինք աշխատել տեխնոլոգիայի վրա: Բավականին երկար ժամանակ չէր ստացվում, որովհետեւ նոր էր, նախկինում ոչ ոք նման բան չէր փորձել: Տպավորություն էր, որ  խիտ անտառում նոր ճանապարհ ենք բացում: Մոտ 1,5 տարվա փորձերից հետո, սկսեց ստացվել: Մինչ այդ արդեն դիմել էինք աքսելերացիոն ծրագրերի՝ «Armenia Startup Academy»-ում: Այստեղ դասընթացների ընթացքում շատ գիտելիքներ ստացանք, հետագայում կարողացանք առաջին ֆինանսավորումը ներգրավել: 2020թ. մարտն էր՝ լոքդաունից առաջ, օֆիս վարձեցինք, նորոգեցինք, բոլորս դուրս եկանք մեր մյուս աշխատավայրերից, որ ամբողջապես զբաղվենք ստարտափով ու ամեն ինչ փակվեց (ծիծաղում է-հեղ.): Այնուամենայնիվ, շատ արդյունավետ աշխատանք ստացվեց այդ ընթացքում ու 2020թ. մայիսի վերջին մեր տեխնոլոգիայի կիրառմամբ դուրս եկանք շուկա:

Առաջինն՝ ամբողջ աշխարհում

Շուկա մտանք վեբ ծրագրով, արձագանքը շատ մեծ էր: Աշխարհում առաջինն էինք նման բան արել ու 3-4 օրվա ընթացքում 100 հազարից ավելի մարդ՝ մոտ 100 երկրից, «3 dzook»-ի միջոցով գեներացրեց իր իլյուստրացիան: Մեծ հաջողություն էր մեզ համար, նույնիսկ պատրաստ չէինք նման ծավալների ու սերվերները սկսեցին խափանվել: Հետաքրքիր էր, որ շատ մեծ տարածում ստացանք իսպանախոս երկրներում, այնտեղի մեդիայում սկսեցին գրել մեր մասին: Այնուհետեւ սկսեցինք աշխատել բջջային հավելվածի ստեղծման ուղղությամբ, որից հետո օգտատերերն էլ ավելի շատացան:

photo © 3 dzook


Այսօր մեր հավելվածն ունի մոտ 100 հազար ներբեռնում ու ամսական 7-8 հազար օգտատեր: Տեխնիկական մասի վրա անընդհատ աշխատում ենք, փոփոխում, որովհետեւ շուկան էլ է շատ արագ փոխվում: Երբ սկսում էինք, այս տեխնոլոգիան նորություն էր, իսկ հիմա նմանատիպ գործիքներ շատ կան ու այդ պատճառով աշխատանքն անընդհատ պետք է լինի:

Լուսանկարի փոխարեն իլյուստրացիա հրապարակելն անվտանգ է

Ճիշտն ասած՝ ի սկզբանե մտածում էինք, որ մեր աշխատանքներն ուղղակի համատեղում են արվեստն ու տեխնոլոգիան, հետաքրքիր են մարդուն ու գեղեցիկ են: Անվտանգության դրույթի մասին սկսեցինք մտածել ընթացքում: Այսօր համացանցում լուսանկար հրապարակելիս՝ չգիտես, ում կողմից ու ինչպես այն կարող է օգտագործվել, իսկ իլյուստրացիան եւ՛ անվտանգ է, եւ՛ ձեր անհատականությունն է արտացոլում:

Հայաստանում այս խնդիրը, թվում է, այնքան էլ արդիական չէր. այստեղ բոլորն իրենց երեխաների նկարներն են հրապարակում համացանցում, ամեն քայլին նշում գտնվելու վայրը: Ի հակադրություն սրա, սկսեցինք նկատել, որ Twitter-ում շատ արտասահմանցիներ, այդ թվում «լուրջ» մարդիկ՝ գործարարներ, տարբեր գործիչներ, սկսեցին փոխել իրենց ավատարներն իլյուստրացիաներով: Մենք պարբերաբար նամակներ էինք ստանում՝ «եթե ես լուսանկարվում եմ ձեր հավելվածով, որքա՞ն ժամանակ եք պահպանում լուսանկարս»: Մենք պատասխանում էինք, որ տվյալներն ամբողջությամբ ջնջվում են 48 ժամից, մենք ոչինչ չենք պահպանում: Հստակ հասկացանք, որ մարդիկ կարեւորում են համացանցում իրենց անվտանգությունը: Սկսեցինք ուսումնասիրել ու ընթացքում այլ բան բացահայտեցինք՝ Հայաստանում նոր սերունդը եւս շատ ուշադիր է այս հարցերում:

Ագաթա Բադալյանը Ագաթա Բադալյանը
photo © Մեդիամաքս


Ես 13 տարեկան աղջիկ ունեմ ու նա կամ իր ընկերները սոցցանցերում որեւէ իրական լուսանկար չեն հրապարակում: Աղջիկս ասում է՝ «չեմ ուզում, որ սոցցանցերում անծանոթ մարդիկ իմ դեմքը տեսնեն, իմանան՝ որտեղ եմ, ում հետ»: Այս տարիքային խմբում հետազոտություն արեցինք, խոսեցինք Հայաստանի, արտերկրում ապրող թինեյջերների հետ ու հասկացանք՝ մեծամասնությունն այդպես է մտածում:

«Snapchat partner» լինելու մասին

Մեր մեծ երազանքն է մի օր ստեղծել մի վայր՝ սոցիալական ցանցի նման, որտեղ մարդիկ կնկարեն իրենց, կշփվեն, հրապարակումներ կանեն ու այդ ամենը կլինի իլյուստրացիաներով ու անիմացիաներով: Հասկացանք, որ սա ոչ միայն մեզ է հետաքրքրում, այլեւ խոշոր ընկերություններին, օրինակ՝ Snapchat-ին, որը նաեւ շատ է կարեւորում անվտանգությունը: Հիմա մենք համագործակցում ենք՝ «Snapchat partner» ենք:

photo © 3 dzook


Հետաքրքիր է, որ իրենք են նկատել մեզ ու կապվել համագործակցելու համար: Իրենք մեզ բավականին շատ օգնել են, խորհուրդներ տվել: Snapchat-ում անհատական լինզաներ ստեղծելու հնարավորություն կա ու իրենց պլատֆորմում մենք ներկայացրել ենք մեր անհատական լինզան: Համագործակցությունը շարունակելու հետաքրքրություն կա, հիմա միասին աշխատում ենք նոր պրոդուկտի վրա:

Ֆինանսավորումը ստարտափներին օդ ու ջրի նման պետք է

Մեր հավելվածն ու վեբ տարբերակը մինչեւ հիմա ամբողջությամբ անվճար են: Որոշ գումար ստանում ենք միայն գովազդից: Մտածում ենք՝ մի քանի ոճերի կիրառումը վճարովի դարձնել, բայց այդ ուղղությամբ դեռ աշխատում ենք: Ֆինանսավորման փնտրտուքն անընդհատ է: Վերջերս «Armenia Startup Academy»-ում շատ օգտակար դասընթաց անցանք, շատ նորություններ սովորեցինք ու վերջում՝ ֆինանսավորվելու համար ներկայացրեցինք մեր պրոդուկտը:

Ագաթա Բադալյանը Ագաթա Բադալյանը
photo © Մեդիամաքս


Արդյունքում ընտրվեցինք ու ԵՄ-ն բիզնեսի համար «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրից ֆինանսավորում ստացանք՝ շատ կարեւոր ու անհրաժեշտ պահի: Այդ ծրագիրը
համատեղ նախագիծ է, որը համաֆինանսավորվում է Եվրամիության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից եւ իրականացվում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից: Մեր նման ստարտափների համար սա օդի ու ջրի նման պետք է, որովհետեւ ստարտափով գումար չենք աշխատում ու դեռ մոտ 2 տարի էլ, գուցե, չկարողանանք աշխատել:

Մոտիվացիայի ու խնդիրների մասին

Ամենօրյա մոտիվացիան ունեցածդ պարտականություններն են: Պետք է անես, մոտիվացիայի մասին մտածելու ժամանակ չի էլ լինում (ծիծաղում է-հեղ.): Վախ կա՝ հանկարծ չձախողեմ: Չնայած՝ շատ կողմ խոսել նաեւ ձախողումների, դժվարությունների մասին: Մենք ամեն օր արթնանում ենք ու ասում՝ «էս ինչ ախմախություն ենք անում»:

photo © 3 dzook


Ամեն օր բազմաթիվ խնդիրներ են առաջանում ու լուծվում: Գուցե, ոմանք ստարտափների մասին ձեզ միայն «success story»-ներ պատմեն, բայց ես ուզում եմ նաեւ բարդությունների մասին խոսվի: Մեր գործը կապված է վիզուալ արվեստի հետ, իսկ վիզուալից բոլորը «հասկանում են»: Մի փորձից հետո կարող ենք ասել՝ «նման չի», «սիրուն չի», 1 են գնահատում հավելվածը: Ինդոնեզիայից մտնում են ու բողոքում՝ ինչո՞ւ է հավելվածը միայն անգլերեն ու չկա ինդոնեզերեն տարբերակ: Բարդությունները շատ են, տարբեր են ու մենք չունենք մեծ թիմ, որ նախապես ուսումնասիրի, վերլուծություններ անի, կանխատեսի ու լուծի: 4 հիմնադիրներով ենք աշխատում «3 dzook»-ի վրա ու 10 աշխատակից ունենք՝ ծրագրավորողներ ու մարքեթինգի մասնագետներ:

photo © 3 dzook


Ստարտափ սկսողներին ուզում եմ ասել՝ բարդ է լինելու, բայց եթե իսկապես ուզում են՝ թող անեն, պիտի անեն, որովհետեւ հետո ու ապագա չկա, ապագան արդեն այսօր է:

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի