14:05 | 22.10.21 | Նորություններ | 1623

    Երեւանում կանցկացվի «Էներջի Սիթի» հաքաթոն

    Երեւանի քաղաքապետարանում տեղի կունենա «Էներջի Սիթի» հաքաթոն՝ Երեւանի կայուն էներգետիկ զարգացման լուծումներ գտնելու համար։

    Էներգիայի շաբաթվա շրջանակում անցկացվող հաքաթոնին կարող են մասնակցել է 18-35 տարեկան նորարարներ, գործարար մտածողություն ունեցող ստեղծագործ մարդից, ծրագրավորման եւ տվյալների վերլուծության հմտություններ ունեցող երիտասարդներ, ինժեներներ, երիտասարդ գիտնականներ։ Այս մասին հայտնել են Երեւանի քաղաքապետարանից

    Միջոցառման նպատակն է՝

    •    քաղաքում նախապես ընտրված թիրախային համարվող ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու նպատակով օպտիմալ եւ նորարար լուծումների առաջարկումը,
    •    համայնքային խնդիրների լուծման գործում երիտասարդների մասնակցության ապահովումը,
    •    նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորությունը,
    •    քաղաքային միջավայրի բարելավման միջոցառումների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացումը:

    Առանձնացված թիրախային ոլորտներն են՝

    •    քաղաքային կանաչ լուծումներ,
    •    «կանաչ» տրանսպորտ,
    •    էներգախնայողությունը՝ քաղաքային տնտեսությունում,
    •    վերականգնվող էներգիայի օգտագործումը քաղաքային տնտեսությունում,
    •    աղբի կառավարում,
     
    Սահմանված ժամանակահատվածում մասնակիցները պետք է մշակեն կլիմայական մարտահրավերին առնչվող լուծումներ։ Լավագույն լուծումներ առաջարկած թիմերը հնարավորություն եւ աջակցություն կստանան՝ զարգացնելու իրենց գաղափարներն ու դրանք կիրառելու քաղաքում:

    Մրցանակներ նախատեսվում են երկու անվանակարգերում՝ «Լավագույն լուծում», «Լավագույն նորարարական» լուծում:

    Հաքաթոնը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին՝ ժամը 10:00-22:00-ն:

    Մասնակիցները պետք է ներկայանան իրենց համակարգիչներով: Հաքաթոնին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետեւյալ հղումով: