11:12 | 07.10.21 | Նորություններ | 1252

Digiweek-ը Հայաստանում կհավաքի տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին

Հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 3-ը Երեւանում եւ Գյումրիում կանցկացվի DigiWeek 2021 միջոցառումը:

Այն կազմակերպում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարությունը եւ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ):

Հաղորդագրության մեջ ասված է, որ «DigiWeek միջոցառման շրջանակներում ամբողջ աշխարհից մեկ տեղում կհավաքվեն տեխնոլոգիական ոլորտի առաջատար մասնագետներ եւ քաղաքականություն մշակողներ՝ քննարկելու տեխնոլոգիաների բնագավառում ներդրումների ու առաջխաղացման հնարավորությունները՝ միավորվելու եւ համագործակցելու»։

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը տեղեկացրել է, որ վերջին 1,5-2 տարվա ընթացքում այն ընկերությունները, որոնք հայ ղեկավարներ ունեն եւ գործունեություն են վարում Հայաստանում, ավելի քան 2 մլրդ դոլար ներդրում են ներգրավել։ Այդ ընկերությունների ընդհանուր արժեքը 12 մլրդ դոլարից ավելի է:

«Սա աննախադեպ հաջողություն է հայկական տեխնոլոգիական ոլորտի համար եւ շատ ուրախ ենք, որ այդ ընկերությունները տարբեր ձեւաչափերով մասնակցելու են DigiWeek-ի եւ Digitec-ի միջոցառումներին»,- նշել է նա:

DigiWeek Հայաստան 2021-ի շրջանակում 16-րդ անգամ կիրականացվի Digitec Expo ամենամյա միջոցառումը, որին կմասնակցեն 100-ից ավելի ընկերություններ:

Այս տարի առաջին անգամ տեղի կունենա նաեւ Digi Tech Summit-ը, որին կմասնակցեն նաեւ միջազգային ընկերությունների ղեկավարներ, պետական գործիչներ, անվանի գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից։ Կքննարկվեն տեխնոլոգիական արդյունաբերության առջեւ ծառացած մի շարք խնդիրներ, այդ թվում՝ ինչպես կարելի է մարտահրավերները վերափոխել հնարավորությունների։

Digi Tech Summit-ի այս տարվա խորագիրն է «Ինչպես բարգավաճել հետքովիդային աշխարհում»։ Բացման ելույթով հանդես կգա Moderna ընկերության համահիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը։

DigiWeek 2021 միջոցառման օրակարգը հասանելի է այստեղ: