17:36 | 30.09.21 | Հոդվածներ | exclusive 14384

Կենդանացող դասագրքեր ու վերականգնվող վանքեր. TakeAR-ն առաջարկում է ճանաչման նոր ուղիներ

«TakeAR՝ վերցրու ճանաչման նոր ուղիներ». այս կարգախոսով առաջնորդվելով թալինցի երիտասարդներ Վիգեն Խաչատրյանը եւ Վարդան Մելքոնյանը հիմնել են TakeAR ստարտափը, որը զբաղվում է լրացված իրականության հիմքով բջջային հավելվածների պատրաստմամբ:

Itel.am-ը տղաների հետ զրուցել է ստարտափի գաղափարի, նախագծերի ու զարգացման հեռանկարի մասին:

AR տեխնոլոգիան՝ դպրոցականների թիրախում

Վիգենը եւ Վարդանը Ֆրանսիական համալսարանի ուսանողներ են, սովորում են Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսում: Թալինցի երիտասարդների մտերմությունն ու համատեղ ստարտափի հիմնումն ավելի վաղ պատմություն ունի եւ սկսվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում սովորելուց:

«12 տարեկանից «Արմաթ» խմբակ եմ հաճախել, իսկ այժմ Մաստարայի «Արմաթ» լաբորատորիայում խմբավար եմ աշխատում: Երբ դեռ աշակերտ էի, ամեն տարի մասնակցում էի DigiTec Expo-ին, որտեղ տարբեր ընկերություններ իրենց պրոդուկտն են էին ներկայացնում: Դրա շնորհիվ տեղեկացա ARLOOPA հավելվածի մասին, որն աշխատում է AR ու VR տեխնոլոգիաների հիմքով: Ինձ ու ընկերներիս դա շատ հետաքրքրեց եւ սկսեցինք ուսումնասիրել՝ ինչ է AR-ը, ինչպես է աշխատում»,- պատմում է Վիգենը:

Վիգեն Խաչատրյանը Վիգեն Խաչատրյանը
photo © Մեդիամաքս


AR-ը՝ augmented reality-ն (հայ.՝ լրացված իրականություն), տեխնոլոգիայի միջոցով փոխանցվող ֆիզիկական աշխարհի ընդլայնված տարբերակն է թվային պատկերների, ձայների եւ այլ խթանիչների ավելացմամբ: Այն ուսումնասիրելով՝ Վիգենն ու «Արմաթ» խմբակի իր ընկերները համատեղ ստեղծում են AR տեխնոլոգիայով աշխատող իրենց առաջին աշխատանքը՝ Դոնալդ Թրամփի 3D մոդելը 1000 դրամանոցի սքանավորմամբ:

«Միշտ հարցնում են՝ ինչու՞ 1000 դրամանոց եւ ինչու՞ Դոնալդ Թրամփ: Հատուկ խորհուրդ չկար, պարզապես 1000 դրամանոցն այդ պահին առաջինը պատահած սքանավորման թիրախն էր, Դոնալդ Թրամփի 3D մոդելն էլ առաջինը պատահեց համացանցում որոնելիս: Այդ պարագայում մեզ համար կարեւոր էր պարզապես տեխնոլոգիան հասկանալը»,- պարզաբանում է Վիգենը:

photo © Մեդիամաքս


Լրացված իրականությունը դասագրքերում

10-րդ դասարանում Վիգենն ու Վարդանը դասընկերներ են դառնում, որից հետո սկսում են միասին հմտանալ AR տեխնոլոգիայում:

«Սկսեցի ուսումնասիրել, շատ բարդ չթվաց: Այդ տարվա ամռանը երբ հարցնում էին՝ լավ հանգստանու՞մ ես, ժպտալով ասում էի՝ հա, բայց իրականում ամբողջ ժամանակը ինքնուսուցմանն էինք տրամադրում: Արդեն սկսել էինք պատրաստվել DigiTec Expo-ին, որի համար հատուկ նախագծի վրա էինք աշխատում: Քանի որ ինքներս դեռ դպրոցական էինք ու խնդիր էինք տեսնում դասավանդման հնացած մեթոդներում, որոշեցինք կրթական նորարարություն ստեղծել: Այդպես առաջացավ դասագրքերը կենդանացնելու գաղափարը»,- պատմում է Վարդանը:

Վարդան Մելքոնյանը Վարդան Մելքոնյանը
photo © Մեդիամաքս


Տղաները որոշում են վերցնել 8-րդ դասարանի կենսաբանության մարդ-անատոմիայի դասագիրքն ու դրանում առկա նկարները դարձնել AR տեխնոլոգիայի սքանավորման թիրախներ (անգլ.՝ AR targets): Գաղափարի ուղղությամբ աշխատելիս էլ հիմնեցին TakeAR ստարտափը, որի առաջին հավելվածը թողարկեցին 2018-ի աշնանը՝ DigiTec-ին ներկայանալու համար:

«Expo-ին մասնակցելիս հավելվածն արդեն ամբողջական տեսք ուներ, թեեւ դեռ դեմոնստրացիոն տարբերակում էր: Պետք է TakeAR հավելվածով սքանավորել դասագրքի համապատասխան էջը, որից հետո սմարթֆոնի էկրանին երեւում է տվյալ նկարի 3D մոդելը, որը կարելի է պտտել, թեքել մոտեցնել, հեռացնել:

photo © Մեդիամաքս


Այսպես հնարավոր է ավելի մանրամասն ուսումնասիրել, օրինակ, մարդու ոսկրերի կառուցվածը, սիրտը, այլն օրգանները: Տեխնոլոգիան հատկապես հետաքրքրեց ուսուցիչներին եւ աշակերտներին: Դպրոցականներից շատերն ասում էին, որ միայն սրա համար արժե սովորել»,- մանրամասնում է Վիգենը:

Նախագծի զարգացում եւ խոչընդոտներ

Որոշ ժամանակ հավելվածի դեմոնստրացիոն տարբերակը հասանելի էր Android-ից օգտվողների համար, սակայն այժմ այն զարգացման փուլում է: Տղաները գիտեն՝ ինչպես է պետք կատարելագործել գաղափարը, սակայն խոչընդոտները քիչ չեն:

«Մոդելներն ավելի մանրակրկիտ եւ ավելի պրոֆեսիոնալ դարձնելու կարիք կա: Բացի այդ, ուզում ենք նաեւ անիմացիաներ ներդնել, որը կօգնի ավելի լավ պատկերացնել տարբեր օրգանների աշխատանքը: Օրինակ՝ անիմացիայով հնարավոր լինի տեսնել սրտի կծկումները, արյան շրջանառությունը եւ այլն: Հիմա շարունակում ենք աշխատել նախագծի զարգացման ուղղությամբ, սակայն դրա համար մեզ ռեսուրսներ են պետք: Բոլորս ինքնուս ենք, հմտությունների զարգացման ու նաեւ լավ կադրեր ներգրավելու անհրաժեշտություն կա:

photo © Մեդիամաքս


Նաեւ համապատասխան առարկաների մասնագետների օգնությունն է պետք՝ կենսաբաններ, քիմիկոսներ եւ այլն: Քանի որ աշխատանքը շատ ժամանակատար է, թիմին ֆինանսական ռեսուրսներ են պետք լիարժեքորեն գործում ներգրավվելու ու լավ արդյունք ունենալու համար»,- մանրամասնում է Վիգենը:

Մատչելի բոլոր աշակերտների համար

Կրթական գործընթացում նման հավելվածի կիրառությունը մի շարք առավելություններ ունի: Վիգենի խոսքով՝ դրա հետաքրքրաշարժության շնորհիվ կրթական գործընթացը կարող է գրավիչ դառնալ նաեւ ցածր առաջադիմությամբ աշակերտների համար:

«Ամբողջապես պատրաստ լինելու դեպքում՝ նախագիծը մի շարք առավելություններ ունի: Այն կարելի է համեմատել դպրոցական լաբորատորիաների հետ, որոնք բացակայում են բազմաթիվ դպրոցներում, հասանելի են միայն տվյալ դպրոցի աշակերտներին ու միայն համապատասխան առարկայի դասաժամին: Մինչդեռ մեր հավելվածով կարելի է նույնքան մանրակրկիտ ուսումնասիրել, օրինակ, կենսաբանություն առարկան, որքան դա հնարավոր է եռաչափ մոդելներով հագեցած լաբորատորիայում:

photo © Մեդիամաքս


Հավելվածը կարող է հասանելի լինել աշակերտներին նաեւ տանը՝ դասերը պատրաստելիս, իսկ նախագիծն ավարտելն ու ներդնելը շատ ավելի քիչ ֆինանսական միջոցների է պահանջում, քան մի քանի դպրոցներում լաբորատորիաներ հիմնելն է»,- համոզված է Վիգենը:

Նոր կյանք խոնարհված եկեղեցիներին

TakeAR-ի հաջորդ նախագծի գաղափարը ծնվել է Վանաձորում տուրիզմի զարգացման հեքեթոնին մասնակցելիս: Տղաները ներկայացրել են «Նոր կյանք խոնարհված եկեղեցիներին» նախագիծը, սակայն մրցանակային տեղ չեն գրավել: Այդուհանդերձ, հեքեթոնի հաղթող Guide Me բջջային հավելվածի թիմին տղաների գաղափարը շատ է հետաքրքրել:

«Հեքեթոնից հետո Guide Me-ի հիմնադիր Հասմիկ Բարխուդարյանը մեզ առաջարկում է աշխատել համատեղ նախագծի շուրջ: Համագործակցության արդյունքում ստեղծում ենք փոքրիկ հավելված, որի օգնությամբ զբոսաշրջիկները կարող են սքանավորել Գառնու տաճարին համապատասխանող թիրախը եւ տեսնել տաճարի 3D մոդելը՝ կոթողի մասին պատմող հայերեն եւ անգլերեն ձայնագրությունների ուղեկցմամբ»,- պատմում է Վիգենը:

photo © Մեդիամաքս


Հետագայում նախագծի զարգացման համար լավ հնարավորություն է դառնում Կոլբա Լաբի տուրիստական ոլորտի զարգացման դրամաշնորհային մրցույթը: Դրան դիմում է «ՀԿ կենտրոնը»՝ առաջարկելով տղաներին համատեղ կյանքի կոչել «Նոր կյանք խոնարհված եկեղեցիներին» նախագիծը:

«Ծրագիրը հաղթեց դրամաշնորհը, որից հետո սկսեցինք աշխատել Լոռու մարզի 10 մշակութային կոթողի թվայնացման ուղղությամբ: Հատկանշական է Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանքի եռաչափ մոդելի ստեղծումը, քանի որ եկեղեցու միայն պատերն են պահպանված, այն էլ՝ մասնակի: Ճարտարապետների օգնությամբ եւ եկեղեցու հին էսքիզների միջոցով կարողացել ենք վերականգնել այն: Տվյալների հայթայթման հարցում մեզ շատ են օգնել նաեւ Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչները»,- պատմում է Վարդանը:

photo © TakeAR


Եռաչափ մոդելով TakeAR-ի թիմը կարողացել է վերականգնել Քոբայրի վանքի գմբեթը: Ստեղծել են նաեւ հետեւյալ վանքերի եռաչափ մոդելները. Հաղպատի վանք, Սանահինի վանք, Օձունի տաճար, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Դսեղ), Սուրբ Սարգիս եկեղեցի (Շնող), Սրբանես վանք, Հոռոմայրի վանք, Ախթալայի վանք:

Մանրակրկիտ աշխատել են հավաքագրված տվյալներով, փորձել նմանեցնել անգամ պատերի տեքստուրան: Սքանավորման թիրախները Լիլիթ Պողոսյանն է նկարել՝ ստանալով եկեղեցիների յուրօրինակ էսքիզներ: Լրացված իրականության շնորհիվ կարելի է եկեղեցիները տեսնել տարբեր կողմերից, շրջել դրանց ներսում և լսել կոթողների մասին պատմող ձայնագրությունը:

photo © Մեդիամաքս


«Այս պահին թիրախների հասանելիության խնդիր ունենք: Դրանք օգտատերերին մատչելի դարձնելու համար բիզնես ծրագիր ունենք, որի փակագծերը դեռեւս բացել չենք կարող»,- ասում է Վիգենը:

Հեռանկարում՝ ավելի պրոֆեսիոնալ լուծումներ

TakeAR-ի թիմի անդամները տարբեր մարզերից են, սակայն դա նրանց չի խանգարում միահամուռ ջանքերով աշխատել ստարտափն առաջխաղացնելու համար: Թիմում են 3D մոդելավորողներ Մհեր Իսրայելյանն ու Արեգ Ամիրաղյանը Նոյեմբերյանից, 2D մոդելավորող Գայանե Բոյաջյանը Արթիկից եւ ստարտափի համակարգող Անի Ղազարյանը՝ Դվին գյուղից:

Վիգենն ու Վարդանը ընդգծում են, որ ստարտափի առաջխաղացման գործում հատկապես մեծ է իրենց խմբավար Եղիշե Ամիրյանի դերը:

Այժմ թիմն աշխատում է ground detection տարբերակի ուղղությամբ, որը հնարավորություն կտա տեսնել նախընտրելի 3D մոդելները ցանկացած հարթություն սքանավորելիս: Բուն օբյեկտների սքանավորման միջոցով լրացված իրականությունը տեսնելու համար ավելի պրոֆեսիոնալ լուծումներ են պետք, որի համար էլ շարունակում են կատարելագործել սեփական հմտությունները:

photo © TakeAR


«AR տեխնոլոգիաներն այժմ մեծ թափով են զարգանում: Ինչպես տարիներ առաջ մի կոնֆերանսի ժամանակ նշեց Մարկ Ցուկերբերգը, տեքստից հետո եկավ ֆոտոն, որին փոխարինեց վիդեոն, իսկ հիմա տեղեկատվություն փոխանցելու ձեւաչափը փոխելու են գալիս AR ու VR տեխնոլոգիաները: Դրանք կարելի է կիրառել ցանկացած ոլորտում՝ տեղեկատվությունը սպառողին հետաքրքրական ձեւով մատուցելու նպատակով: Մենք բաց ենք բոլոր համագործակցությունների համար՝ օգնելով հանրությանը ճանաչման նոր ուղիներ բռնել»,- ամփոփում է Վարդանը:

Գայանե Ենոքյան