10:12 | 29.09.21 | Նորություններ | 5978

Արևելյան գործընկերության թվային համաժողովը մատնանշել է առաջիկա տասնամյակի հիմնական խնդիրները

Արևելյան գործընկերության երբևէ առաջին թվային համաժողովին, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 27-ին՝ վիրտուալ ձևաչափով, իրենց մասնակցությունը բերեցին գրեթե 300 հոգի, որոնց թվում՝ գործընկեր երկրների և Եվրամիության պաշտոնյաներ ու արևելյան գործընկեր երկրների թվային փոխակերպման գործընթացում ներգրավված պետական և մասնավոր հատվածի այլ շահագրգիռ կողմեր:

Համաժողովը, որը կազմակերպվել էր որպես EU4Digital-ի ղեկավար կոմիտեի՝ այս շաբաթ ընթացող հանդիպման բացման միջոցառում, տեղի ունեցավ այնպիսի ժամանակներում, երբ համավարակը հանրության ուշադրությունը սևեռել է թվային տեխնոլոգիաների վրա:

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան իր բացման խոսքում, ներկայացնելով Արևելյան գործընկերության համար 2020 թվականից անդին օրակարգում ԵՄ-ի սահմանած թվային նպատակները, մեջբերեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, ով Միությունում իրերի դրությանը նվիրված նախորդ տարվա իր ուղերձում ասել էր. «Մի պահ մեր կյանքը պատկերացրեք այս համավարակի պայմաններում՝ առանց թվային տեխնոլոգիաների...»:

«Եթե ցանկանում ենք ավելի ամուր ոտքերի վրա կանգնել, պետք է օգտագործենք թվային հնարավորությունները»,- ասաց նա՝ խոսելով այն բառերով, որոնք տոն էին տալիս ողջ օրվա միջոցառումների ընթացքում:

«Անսահմանափակ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ՝ թվային դարաշրջանում» թեմայով բացման հիմնական խոսքով հանդես եկավ EY-ի գլոբալ թվային և նորագույն տեխնոլոգիաների թիմի ղեկավար, իրերի ինտերնետի ոլորտում 2020 թվականի համաշխարհային առաջնորդ, համանուն գրքի հեղինակ Ալեքսանդր Պոնևերսկին:

Թվային տեխնոլոգիաներն անվանելով չորրորդ արդյունաբերական հեղափոխության արդյունք՝ Պոնևերսկին կարևորեց վերջին տեխնոլոգիական փոփոխությունների արագությունը և առաջիկայում սպասվող մարտահրավերները: Նրա խոսքով, թվային փոխակերպումը տեղի է ունենում հիմա, ապագայի տեխնոլոգիաները ստեղծվում են այսօր, իսկ նոր՝ «Z սերունդը» ապագայի հաճախորդը, աշխատողը, ղեկավարը և առաջնորդն է, որը մինչև 2030 թ. կզբաղեցնի աշխատաշուկայի 40%-ը:

Պոնևերսկին շարժունակությունը, ամպային տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը և իրերի ինտերնետը (IoT) դասեց այն չորս խոշոր տեխնոլոգիաների թվում, որոնք կկանխորոշեն առաջիկա տարիների ընթացքը և բացատրեց, թե ինչպես են այս բոլոր տեխնոլոգիաներն աշխատում միմյանց հետ սիներգիայի մեջ:

«Դու կարող ես ատել ձգողականությունը, բայց վերջինիս համար միևնույն է», - մեջբերեց նա ամերիկացի գործարար խորհրդատու Քլեյթոն Քրիսթենսենին, ով մշակել է «առաջանցիկ նորարարության» տեսությունը՝ շեշտելով, որ թվային փոխակերպումից հաջողությամբ օգտվելու գործում էական նշանակություն ունի «մտածելակերպի փոփոխությունը», և որ նորարարական կազմակերպություններին հաջողության հասնելու համար անհրաժեշտ են ճիշտ ռեսուրսներ, ճիշտ գործընթացներ, բայց առաջին հերթին՝ ճիշտ արժեքներ:

EU4Digital. ազդեցությունը հեռահաղորդակցության, ՏՀՏ և էլեկտրոնային կոմերցիայի ոլորտներում

Այնուհետև EU4Digital-ի երեք հայտնի փորձագետներ անդրադարձան հեռահաղորդակցության ենթակառուցվածքների և կարգավորման, ՏՀՏ էկոհամակարգերի և էլեկտրոնային կոմերցիայի լուծումների առանցքային ոլորտներում «EU4Digital» ծրագրի ազդեցությանն ու առաջնահերթություններին:

«EU4Digital» ծրագրի հեռահաղորդակցության կանոնների ուղղության ղեկավար Անդրեյս Դոմբրովսկիսը հանդես եկավ «Հեռահաղորդակցության ենթակառուցվածքներ. ռոումինգի մանրածախ գների նվազեցման, 5G-ի և մատչելի գերարագ ինտերնետի համար հիմքերի ստեղծում» թեմայով բանախոսությամբ: Նա կարևորեց ֆիքսված հեռախոսակապի ավանդական սպառողի ժամանակներից էվոլյուցիան դեպի մի աշխարհ, որտեղ «սպառողները վերածվում են բավարար հմտությունների տիրապետող օպերատորների, ովքեր գիտեն, թե ինչ են ուզում», և որտեղ այլևս հասանելի բովանդակությունն է ցանցերի օգտագործման խթանիչ ուժը:

Դոմբրովսկիսը շեշտեց, որ այս հարափոփոխ միջավայրում կարևոր նշանակություն ունեն կայուն մրցակցության մոդելները և կառավարության, ծառայություն մատուցողների ու սպառողների համար միջնորդի դեր կատարող խիստ և հավասարակշռված կարգավորումը: Նա թվարկեց արևելյան գործընկեր երկրների հաջորդ քայլերը, որոնք են` իրավակարգավորող դաշտի շարունակական վերանայումն ու ամրապնդումը, կայուն մրցակցությանն ուղղված խելացի ներդրումներն ու շուկայի զարգացումը, թվային ծառայությունների օգտագործման միջոցով օգտատերերի զորեղացման խթանումը և լայնաշերտ կապի ոլորտում զարգացումների մոնիտորինգը:

Եվրոպական նորարարական խորհրդի ՏՀՏ հարցերով ռազմավարական խորհրդատու և EU4Digital-ի ավագ փորձագետ Խեսուս Լոսանոն իր «Թվային անհատից թվային բիզնես տանող ճանապարհը» թեմայով զեկույցում քննության առավ արևելյան գործընկեր երկրների և Եվրամիությանն անդամակցող համեմատելի արևելաեվրոպական երկրների ձեռնարկատիրական ՏՀՏ էկոհամակարգերի միջև առկա բացերը: Այնուհետև նա ներկայացրեց ԵՄ հավակնոտ նպատակը, այն է՝ առաջիկա տասնամյակում բազմապատկել հաջողակ ստարտափների թիվը տարածաշրջանում` գիտելիքի, կապիտալի, շուկայի և ռեսուրսների ոլորտներում էկոհամակարգերի զարգացման միջոցով: Վերջինը հնարավոր է կառավարության ղեկավարությամբ գործող էկոհամակարգեր ստեղծողների միջոցով, որոնք կարող են ստեղծել, հզորացնել և խթանել նորարարական ստարտափներին:

Համավարակի ամենաազդու հետևանքներից մեկը էլեկտրոնային կոմերցիայի աճի արագացումն էր, և ԵՄ-ն այժմ իր արևելյան գործընկեր երկրների հետ էլեկտրոնային կոմերցիան 50%-ով ավելացնելու նպատակ է դրել: «EU4Digital» ծրագրի էլեկտրոնային առևտրի հարցերով ավագ փորձագետ Վալտեր Տրեզեկը ցույց թվեց, թե «Ինչպես են էլեկտրոնային կոմերցիայի պիլոտային լուծումները խթանում ԵՄ-ի և ԱլԳ-ի միջև առցանց առևտուրը»: Նա բացատրեց, թե ինչպես է EU4Digital-ը հիմնվել էլեկտրոնային կոմերցիայի արժեշղթայի և մարտահրավերների (մասնավորապես՝ ներդաշնակության և իրազեկության պակասի) վերաբերյալ իր իսկ վերլուծության վրա, որպեսզի պիլոտավորի «թվային պահեստի» լուծումը, որը արևելյան գործընկեր երկրների ՓՄՁ-ներին օգնում է իրենց ապրանքները ցուցակագրել և վաճառել միջազգային առցանց առևտրային հարթակներում: Նշված լուծումն իրենից ներկայացնում է վաճառողների համար նախատեսված միասնական տարածք, որտեղ վերջիններս մուտքագրում են անդրսահմանային էլեկտրոնային առևտրի համար առևտրային հարթակներին, մաքսային մարմիններին և առաքման ծառայություններին անհրաժեշտ տվյալները:

EDTECH. ինչպես թվայնապես հզորացնել ԱլԳ տարածաշրջանի 1 միլիոն քաղաքացու

Հաջորդիվ համաժողովը մեկնարկեց «EDTECH. ինչպես թվայնապես հզորացնել ԱլԳ տարածաշրջանի 1 միլիոն քաղաքացու» թեմայով պանելային քննարկում, որին իրենց մասնակցությունը բերեցին Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության եվրաինտեգրման հարցերով փոխնախարար Վալերիա Իոնանը, Կրթության, երիտասարդության, սպորտի և մշակույթի գլխավոր տնօրինության նորարարությունների, թվային կրթության և միջազգային համագործակցության հարցերով տնօրեն Անտոանետա Անգելովա-Կրաստևան, EY-ի գործընկեր և գլոբալ ուսուցման թիմի ղեկավար Ռիազ Շահը, որը ստեղծել է գործարար կառավարման աշխարհում առաջին ճկուն, ապագայամետ և անվճար մագիստրոսական ծրագիրը, Coursera-ի ռազմավարական զարգացման հարցերով մասնագետ Սթիվեն Սոմերվիլը և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային բյուրոյի նորարարությունների բաժնի ղեկավար Լեյլա Սադիկուն:

Բոլոր բանախոսներն ընդգծեցին մրցունակության ապահովման գործում թվային գրագիտության կարևորությունը և առանձնացրեցին ԵՄ-ում, միջազգային և  կորպորատիվ մակարդակներում արձանագրված առաջավոր փորձը՝ ընդգծելով պետություն-մասնավոր գործընկերության կարևորությունը: Ուկրաինայում Վալերիա Իոնանն առանձնացրեց հաջողված «DIIA թվային կրթության ծրագիրը», որը կառուցված է առցանց կրթական շարքի շուրջ և լուծում է տարաբնույթ խնդիրներ՝ առցանց հաշիվների վճարումից կամ առցանց դասերի անցկացումից մինչև արհեստական բանականություն: Անտոանետա Անգելովա-Կրաստևան եզրափակեց քննարկումը՝ շեշտելով «շահագրգիռ կողմերի միջև համագործակցության անհրաժեշտությունը՝ անկախ ոլորտներից ու սահմաններից», և կոչ արեց արևելյան գործընկերներին լավագույնս օգտագործել ԵՄ ծրագրերով առկա հնարավորությունները:

Վճռական հիմնահարց

«Թվայնացման հարցն ունի վճռական նշանակություն: Այն փոխակերպիչ գործընթաց է, որը ոտքերի վրա ավելի ամուր կանգնելու հնարավորություն է տալիս: Ի տարբերություն կենսաբազմազանության ոլորտի՝ այստեղ ոչ ամենաուժեղն է գոյատևում, և ոչ էլ՝ ամենախելացին: Այստեղ գոյատևում է փոփոխություններին ամենահարմարվողը», - համաժողովի վերջում իր եզրափակիչ խոսքում ասաց Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության (DG NEAR) թեմատիկ աջակցության բաժնի ղեկավար Մաթյո Բուսկեն:

Ամփոփելով EU4Digital-ի շրջանակներում ձեռք բերված արդյունքները՝ նա ասաց, որ ծրագիրն այժմ «գտնվում է հասունության փուլում և շոշափելի արդյունքներ է ապահովում» հեռահաղորդակցության կանոնների, վստահության և անվտանգության, էլեկտրոնային առևտրի, ՏՀՏ նորարարությունների, էլեկտրոնային առողջապահության և էլեկտրոնային կառավարման ոլորտներում: Նա նաև ներկայացրեց ավելի մեծ պատկերը՝ ասելով, որ այս արդյունքները ավելի կայուն հիմք են ստեղծում ինտեգրման համար՝ ԵՄ լուծումների կրկնակի օգտագործման և ԵՄ ու գլոբալ չափանիշների հիման վրա գնահատումների իրականացման, այլ միջազգային կազմակերպությունների հետ գործընկերությունների զարգացման և ԵՄ թվային շուկաներին, արժեշղթաներին ու տնտեսություններին արևելյան գործընկերների ինտեգրմանն ուղղված կոնկրետ լուծումների մշակման հաշվին:

Վերաձևակերպելով Ռոբերտ Շումանի խոսքերը՝ նա ամփոփեց. «Ես կարծում եմ, որ ԵՄ թվային շուկային ինտեգրումը տեղի չի ունենա միանգամից կամ որոշակի պլանի հիման վրա: Այն տեղի կունենա շնորհիվ կոնկրետ ձեռքբերումների, որոնք, առաջին հերթին, դե ֆակտո համերաշխություն կստեղծեն»: Իրավիճակ, որի ստեղծման մեջ EU4Digital-ը կենսական դեր է խաղացել:

Արևելյան գործընկերության թվային համաժողովի տեսագրությունը կարող եք դիտել այստեղ: