18:41 | 31.08.21 | Նորություններ | 4449

Ընդունվում են հայտադիմումներ «Traction» ծրագրի երկրորդ շրջանի համար

Հայաստանի Ստարտափ Ակադեմիան տեղեկացնում է, որ ընդունվում են հայտադիմումներ Ակադեմիայի «Traction» ծրագրի երկրորդ շրջանի համար։ 10-շաբաթյա ծրագիրը միտված է օգնելու պրոդուկտ ունեցող եւ արդեն իսկ արդյունքներ գրանցած ստարտափներին արագացնել իրենց աճը եւ ներդրումներ ներգրավել՝ պատրաստելով ընդլայնմանը դեպի միջազգային շուկա։

Ծրագիրն իրականացնում է «Քաթըլիսթ» հիմնադրամը՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (German Development Cooperation-GIZ) կողմից իրականացվող «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ (EU-ITTD)։ Հայաստանի առաջատար բջջային օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը միացել է նախաձեռնությանը որպես կորպորատիվ գործընկեր եւ աջակից։

«Traction» ծրագրի առաջին շրջանը մեկնարկել է 2020թ-ի հունիսին՝ ներառելով 9 ստարտափ կրթական տեխնոլոգիաների, լոգիստիկայի, մարդկային ռեսուրսների կառավարման, մարքեթինգի եւ այլ ոլորտներից։ Ծրագրի շրջանավարտներն արդեն իսկ ներգրավել են 3 մլն եւ ավելի եվրո ներդրումներ հրեշտակ ներդրողների, վենչուրային ֆոնդերի եւ դրամաշնորհերի միջոցով։

«Traction» ծրագիրն առաջարկում է վաճառքի (Sales), աճի հաքինգի (Growth Hacking) եւ ներդրումների ներգրավման (Fundraising) մենթորություն եւ անհատական զարգացման ծրագիր։ Ծրագրի ընթացքում մասնակից ստարտափները հնարավորություն կունենան սահմանել եւ հաստատել իրենց աճի հնարավոր ուղիները, կատարելագործել եւ վավերացնել իրենց ռազմավարությունները, ստանալ աջակցություն միջազգային շուկաներում ընդլայնվելու եւ ներդրումներ ներգրավելու համար։ 10 շաբաթների ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած 5 ընկերություններ հնարավորություն կունենան ստանալ մինչեւ 50,000 եվրոյի չափով դրամաշնորհ, որը տրամադրվում է EU-ITTD ծրագրի կողմից: Դրամաշնորհների եւ իրավասության չափանիշների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները հասանելի կլինեն ծրագրի մեկնարկից հետո։

Ծրագրին կարող են դիմել բոլոր այն ստարտափները, որոնք համապատասխանում են հետեւյալ չափանիշներին.

-    Հասցրել են ցուցաբերել որոշակի արդյունքներ (եկամտի, վաճառքի, օգտատերերի բազայի եւ այլնի առումով),
-    Գործարկել են պրոդուկտը (կամ ունեն MVP/նախատիպ) կամ պատրաստ են գործարկելու այն մինչեւ սեպտեմբերի 18-ը,
-    Ներգրավել են նվազագույնը 20 եվրո` դրամաշնորհների, հրեշտակ ներդրումների, վենչուրային ֆինանսավորման տեսքով կամ սեփական միջոցներով, կամ արդեն եկամուտներ են գեներացնում (ոչ պարտադիր, բայց նախընտրելի),
-    Նախկինում մասնակցել են որեւէ ինկուբացիոն կամ նախաաքսելերացիոն այլ ծրագրի (ոչ պարտադիր, բայց նախընտրելի)։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 18-ն է, որին կհետեւեն հարցազրույցներ մասնակից ընկերությունների ցուցակը վերջնականացնելու համար։ Մինչ այդ, սեպտեմբերի 9-ին տեղի կունենա Տեղեկատվական հանդիպում (հանդիպման համար գրանցումը հասանելի է այստեղ)։ Ծրագիրը, ինչպես նաեւ տեղեկատվական հանդիպումն իրականացվելու են հիբրիդային եղանակով՝ հնարավոր դարձնելով թե՛ հեռավար, թե՛ ֆիզիկական մասնակցությունը։ Ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկությունները հասանելի են այստեղ։