14:01 | 24.08.21 | Նորություններ | 1707
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգի հետ հանդիպմանն ասել է, որ «Հայաստանը ներմուծող երկրից պետք է դառնա արտահանող երկիր, այդ թվում նաեւ առաջատար տեխնոլոգիական առումով»։
«Մեր երկիրը հայտնվել է մի իրավիճակում, երբ կարիք կա փոխելու տնտեսության զարգացման տրամաբանությունը»,- նշել է ԲՏԱ նախարարը
Վահագն Խաչատուրյանը նաեւ ասել է, որ ԲՏԱ նախարարությունը մասնավոր սեկտորին աջակցություն է տրամադրում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության մեջ կայանալու եւ ամրապնդվելու նպատակով։
«Այս առումով անգնահատելի է Չինաստանի հարուստ փորձը, որը գյուղատնտեսական երկրից կարճ ժամանակում առաջատար տեխնոլոգիական երկիր է դարձել»,- նշել է նա։
Ֆան Յոնգի խոսքով՝ Չինաստանի տնտեսության մեջ վերջին 40 տարիների ընթացքում զգալի ներդրումներ են կատարվել ԲՏԱ ոլորտում, որի արդյունքներն ակնհայտ են։ Դեսպանն ընդգծել է, որ Չինաստանի արդյունաբերության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն հետ ՀՀ ԲՏԱ նախարարության համագործակցության զարգացումը շատ հեռանկարային է համարում։
Հանդիպման ընթացում կողմերն անդրադարձել են նաեւ նորարարությունների, տեխնոլոգիաների եւ ձեռներեցության ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացման եւ մի շարք այլ հարցերի։