17:52 | 23.07.21 | Նորություններ | 1614

Վիվա-ՄՏՍ-ը եւ Ucom-ը ավելացրել են հարկային վճարները, Beeline-ը՝ նվազեցրել

Կապի երեք օպերատորները՝ Ucom-ը, Beeline-ը եւ Վիվա-ՄՏՍ-ը 2021թ. հունվար-հունիս ամիսներին պետական բյուջե են վճարել 16.73 մլրդ դրամի հարկ, ինչը 14.4%-ով ցածր է անցած տարվա ցուցանիշից:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունների կողմից պետական բյուջե էր վճարվել 19.55 մլրդ դրամ:

ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկի համաձայն, կապի օպերատորների շրջանում ամենախոշոր հարկատուն Վիվա-ՄՏՍ ապրանքանիշի ներքո հանդես եկող «ՄՏՍ Հայաստան» ընկերությունն է: Այն 2021թ. երկրորդ եռամսյակի տվյալներով պետբյուջե է վճարել 8.88 մլրդ դրամի հարկ, ինչը 33.1%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Խոշոր հարկատուների ցանկում ընկերությունը 2021թ. երկրորդ եռամսյակի տվյալներով զբաղեցրել է 8-րդ տեղը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 12-րդ տեղի փոխարեն:

Ոլորտի մյուս խոշոր հարկատուն «Յուքոմ»  ընկերությունն է՝ 5.61 մլրդ դրամ հարկերի ծավալով: Ընկերության վճարած հարկերը ավելացել են 41.3%-ով, եւ այն ընդհանուր հարկատուների ցանկում 17-րդից դարձրել է 13-րդը:

Beeline ապրանքանիշի ներքո հանդես եկող «Տելեկոմ  Արմենիա» ընկերությունը  պետբյուջե է վճարել 2.24 մլրդ դրամ հարկ, ինչը 74.8%-ով զիջում է 2020թ. ցուցանիշին: Ներկայում ընկերությունը 39-րդն է՝ նախորդ տարի զբաղեցնում էր 8-րդ հորիզոնականը:

1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկվել է նաեւ «Ռոստելեկոմ Արմենիա» ապրանքանիշով հանդես եկող «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը (113-րդ տեղ, 0.98 մլրդ դրամ, աճը՝ 27.1%):

Աննա Այվազյան