15:14 | 19.07.21 | Նորություններ | 1726
Շուրջ 38կմ երկարությամբ սահմանագիծ ունեցող Կոթի գյուղում գիշերային ժամերի անցուդարձն սկսել է ավելի ապահով լինել փողոցների լուսավորության խնդիրը կարգավորելուց հետո:
Վիվա-ՄՏՍ-ի ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով, մեկ տարի առաջ, գյուղում կառուցվել է լուսադիոդային 37 լուսարձակից բաղկացած՝ փողոցային լուսավորություն համակարգ: Լուսավորվել է շուրջ 1450 մետր երկարությամբ ճանապարհ: Իր ներդրումն է ունեցել նաեւ Նոյեմբերյանի համայնքապետարանը:
Այս տարի Կոթիում 16 կՎտժ դրվածքային հզորությամբ, արեւային ֆոտովոլտային նոր կայան կտեղակայվի, որի արտադրած էներգիան թույլ կտա առանց հավելյալ ծախսի ապահովել խմելու ջրի պոմպի աշխատանքը: Նոր ֆոտովոլտային կայանը կապահովի նաեւ արդեն իսկ կառուցված՝ 1450 մետր երկարությամբ փողոցային լուսավորություն համակարգի սպառած էլեկտրաէներգիան։
Էներգախնայող, ԼԵԴ համակարգի գործարկմանը եւ հետագա աշխատանքների ազդարարմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Կոթի բնակավայրի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանը եւ բնակիչներ:
«16 տարի առաջ մենք որոշեցինք առաջնորդվել Կորպորոտիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքով: Կառավարման այդ մոդելը պահանջում էր սոցիալական ներդրումներ, արժեհամակարգային նոր մոտեցում, վճռականություն եւ կամք: Գիտեինք, որ ճանապարհը ջանք ու եռանդ է պահանջելու, որ որպես նոր մշակույթ, ժամանակ էր հարկավոր, որպեսզի ԿՍՊ-ն մեծացող ձնագնդի պես տարածում գտնի մեր երկրում: Նման ծրագրերն ու սոցիալական ներդրումները կարեւոր արդյունք են տալիս: Մենք շարունակում ենք մեր ծրագրերը եւ առաջնորդվելու ենք նույն սկզբունքով: Դա մեր հայրենակիցների նկատմամբ հոգատարությունն արտահայտելու եւ երկրին օգտակար լինելու արդյունավետ ճանապարհ է: Այսօր, առավել քան երբեւէ, անհրաժեշտ է նպաստել մեր երկրի զարգացմանը»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Վիվա-ՄՏՍ-ից հայտնել են նաեւ, որ ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն այս տարի նախատեսում են եւս մեկ թաղամաս լուսավորել:
«Գյուղի սահմանին հարող, 600 մետր երկարությամբ այդ հատվածը կարեւոր նշանակություն ունի Կոթիի բնակիչների համար։ Կատարված աշխատանքների արդյունքում, համայնքի բյուջեն ավելի արդյունավետ կծախսվի. հնարավոր կլինի տարեկան շուրջ 1 մլն 100 հազար դրամի չափով գումար տնտեսել: Ծրագրում որոշակի ներդրում կունենա նաեւ համայնքապետարանը»,- ասված է Վիվա-ՄՏՍ-ի հաղորդագրության մեջ։