08:49 | 26.06.21 | Հոդվածներ | exclusive 3701

ՏՏ ոլորտի ոչ ՏՏ մասնագետները. Արփի Ջանյան (Vineti)

Տեխնոլոգիական ոլորտը միայն ծրագրավորողներով չի սահմանափակվում, ու այստեղ բոլորը չէ, որ ունեն տեխնիկական կրթություն: Ծրագրավորման ցանկացած ընկերություն կարիք ունի նաեւ այլ մասնագետների, որոնք ապահովում են ընթացիկ կարեւոր գործերն ու ընկերության զարգացումը:

Itel.am-ը որոշել է բացահայտել ՏՏ ոլորտում գործող ընկերությունների՝ ոչ ՏՏ մասնագետներին ու հետաքրքրվել նրանց աշխատանքի մանրամասներով:

24-ամյա Արփի Ջանյանը Vineti թվային տեխնոլոգիաների ընկերության սքրամ մասթերն է: ՏՏ ոլորտում Արփին աշխատում է արդեն երեք տարի, մասնագիտությամբ նախագծերի ղեկավար է:

Ի սկզբանե՝ մարքեթոլոգ

Ավարտել եմ Հայաստանի Ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարում բաժինը՝ մարքեթինգի մասնագիտացմամբ:

Հենց ուսանողական տարիներից որպես մարքեթոլոգ սկսել եմ աշխատել տարբեր ոլորտներում՝ գինեգործականից մինչեւ ինժեներական ընկերություն: Երբ արդեն խորապես ծանոթացա ինժեներական ոլորտին ու «թեք» աշխարհին, աստիճանաբար հետաքրքրություններիս շրջանակը փոխվեց: Ու քանի որ կրթությամբ էլ բիզնեսի կառավարման փորձ ունեի, սկսեցի հետաքրքրվել մասնավորապես՝ ՏՏ ոլորտում նախագծերի կառավարման աշխատանքով (IT Project Management):

Կամաց-կամաց

Մոտ մեկ տարի եմ աշխատել ինժեներական ընկերությունում, իսկ գինեգործարանի մարքեթինգի աշխատանքը մինչեւ հիմա զուգահեռ շարունակում եմ:

Ոլորտների փոփոխության պահը շատ լավ եմ հիշում, որովհետեւ այն հենց ինժեներական ընկերությունից սկսվեց, երբ ավելի խորապես սկսեցի ներգրավված լինել ինժեներական նախագծերի կառավարման գործում: Զգում էի, որ դա ինձ շատ է դուր գալիս, ու ժամերով նստում, ինժեներական նյութեր եմ կարդում, օրինակ, հոսքագծերի մասին:

Հատկապես ինժեներական ոլորտում աղջիկները շատ քիչ են, ու շատերին էր տարօրինակ թվում, թե ես որտեղից եմ թվերով տարբերում «կլուչների» չափսերը, ինչու գիտեմ՝ փոշեներկումը ինչ է կամ որոնք են ալյումինի տեսակները ըստ ГОСТ-ի… Բայց դա ինձ իրոք հետաքրքրում էր ու ինձ համար շատ անգամ տարօրինակ էր, որ ուրիշների համար այդ ամենը տարօրինակ է:

Ե՛ւ գործով, ե՛ւ բնավորությամբ

Ինժեներական ոլորտն ուսումնասիրելուց հետո սկսեցի ուսումնասիրել նախագծերի կառավարում մասնագիտությունը, համալսարանում եւս մենեջմենթը բավականին խորապես ուսումնասիրել էի:

Արփի Ջանյանը Արփի Ջանյանը
photo © Մեդիամաքս



Բացի այդ, բնավորությունս համապատասխանում է այս մասնագիտությանը. ես միշտ էլ կենցաղային հարցերին նայել եմ մենեջմենթի տեսանկյունից՝ ամեն ինչը դասակարգել, ճիշտ պլանավորել, իրականացմանը հետեւել, հետադարձ հայացքով նայել՝ արդյո՞ք ամեն ինչ կարգին էր, ինչը կարելի էր փոխել:

Ինժեներական ընկերության առանձնահատկությունն այն է, որ այդտեղ մեծ պլանավորումը հենց ամենասկզբից է արվում, ու նախագծի սահմանները հստակ ամբողջությամբ պլանավորվում են: Իսկ ինձ ավելի շատ դուր էր գալիս «agile» (ճկուն) մոդելը, որտեղ պլանավորումը ժամանակահատվածներով է կատարվում: Քանի որ այդ ճկուն մոդելը նպատակահարմար չէ կիրառել ինժեներական նախագծերում, աստիճանաբար ուղղվեցի դեպի ծրագրային ապահովում ու ընդունվեցի աշխատանքի ՏՏ ոլորտում գործող ընկերություններից մեկում:

Նախագիծն ամենուր է

Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում այս մասնագիտությունը. մենք ցանկացած պահի մեր կյանքում ինչ-որ նախագծի մեջ ներգրավված ենք, դա լինի ճաշ եփել, տուն գնել կամ վերանորոգել. շատերն էլ աշխատանքային նախագծերի մեջ են ներգրավված: Փաստացի այս մասնագիտությունը՝ նախագծի նպատակը քոնը դարձնելն է, ռեսուրսները ճիշտ կառավարելն ու ճիշտ հմտությունների կիրառման միջոցով այդ նպատակին հասնելն է:

Հաջորդ հարցը, որ միշտ առաջանում է այս մասնագիտության շուրջ այն է, թե արդյոք նախագծերի ղեկավարը պետք է տեխնիկական կրթություն ունենա: Պատասխանը 50/50 է. կարող ես չունենալ, բայց պետք է պատրաստ լինել սովորելու, որովհետեւ գործի մեջ տեխնիկական գիտելիքները շատ անհրաժեշտ են լինելու, ու պետք է բաց լինել դրանցից չվախենալու եւ սովորելու համար: Ես նման դժվարությունները միշտ որպես մարտահրավեր եմ ընդունել ու փորձել եմ բնականոն հաղթահարել:

Շատերն էլ հարցնում են՝ արդյո՞ք պետք է ծրագրավորման որեւէ լեզու կամ որակի ապահովում սովորել: Ինձ համար բոլոր տարբերակներն էլ ընդունելի են. եթե հետաքրքրում է, ինչո՞ւ չսովորել, բայց պարտադիր չէ:

Կարծրատիպերը

Նկատել եմ նաեւ մեկ այլ միտում այս ոլորտով հետաքրքրվող մարդկանց շրջանում:

Ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը շատերի մոտ առաջանում է այն սկզբունքով, որ իմանում են՝ հարեւանի քրոջ տալը ծրագրավորող է ու շատ փող է աշխատում, իրենք էլ են ուզում դրանով զբաղվել: Իրականում սա էլ է տարբերակ. ամեն մարդ տարբեր մոտիվացիա ունի, բայց այն ինձ համար այդքան էլ լավ մոտիվացիա չէ, քանի որ եթե քեզ չի հետաքրքրում ոլորտն ու աշխատանքը, դժվար է լինելու սովորելը:

Արփի Ջանյանը Արփի Ջանյանը
photo © Մեդիամաքս



Շատերն էլ կարծում են՝ հենց հայտնվեն այս ոլորտում, միանգամից լիքը գումար են աշխատելու, շատ նման է այն կարծրատիպին, երբ ասում են՝ գնում ես Ամերիկա ու միանգամից փող ես աշխատում:

Ոչ թե կառավարող, այլ ծառայող

2020 թվականի հոկտեմբերից աշխատում եմ Vineti ընկերությունում: Vineti-ին թվային տեխնոլոգիաների կազմակերպություն է առողջապահության ոլորտում, որը տրամադրում է ծրագրային ապահովում անհատական բուժմամբ զբաղվող առողջապահական կազմակերպություններին եւ հիվանդանոցներին: Vineti-ին հիմնադրվել է 2016 թվականին ԱՄՆ-ում, Հայաստանում իր մասնաճյուղը հիմնել է 2017-ին:

Այստեղ ես աշխատում եմ որպես սքրամ մասթեր, օգնում եմ թիմին ժամանակի ընթացքում ավելի լավը դառնալ, ինքնակազմակերպվել եւ հասնել նպատակներին: Միջոցները տարբեր են՝ քոուչինգ, անհատական շփում, աշխատանքային գործընթացների ճիշտ հիմնում ու կառավարում, նախագծերի նպատակների ճիշտ հասկանալու եւ փոխանցելու կարողություն:

Այս մասնագետը համարվում է servant leader (ծառայող առաջնորդ), այսինքն՝ ոչ թե կառավարող, այլ ավելի շատ ծառայող ղեկավար:

Ամեն ինչից՝ մի քիչ

Նախագծերի ղեկավարի աշխատանքի առանձնահատկությունն ինձ համար կայանում է նրանում, որ ճիշտ բալանսավորում կա. դու տեխնիկական շատ բան ես սովորում, բայց ամբողջապես տեխնիկական մասնագետ չես: Այստեղ բալանսավորված է նաեւ մարդկանց հետ շփումը, թիմերի հետ աշխատանքը. սա ինձ համար իդեալական համադրություն է:

Ինձ նաեւ գրավում է այն, որ աշխատանքի ընթացքում սովորածս հմտությունները ես կարողանում են կիրառել կյանքի կենցաղային հարցերում՝ մարդկանց հետ ճիշտ շփվել, կոնֆլիկտային եզրեր գտնել, կոնֆլիկտային իրավիճակներից ճիշտ դուրս գալ:

Արփի Ջանյանը Արփի Ջանյանը
photo © Մեդիամաքս



Բացի այդ, ինձ շատ հետաքրքիր է ծրագրավորողների հետ աշխատելը, որովհետեւ ամեն օր շփվում եմ հետաքրքիր մարդկանց հետ, որոնք ունեն շատ տարբերվող աշխարհայացք (ինչքան էլ, որ առաջին հայացքից այդպես չի թվում):

Պարտադիր չէ

ՏՏ ոլորտում մասնագիտությունները շատ տարբեր են, ու պարտադիր չէ միայն տեխնիկական կրթություն ունենալ այստեղ աշխատելու համար, կարելի է սկսել այն գործից, որը հենց քեզ է հետաքրքրում: Ինձ, օրինակ, շատ հետաքրքրում էր մարքեթինգը, ուստի այդ մասնագիտությամբ սկսեցի աշխատել ինժեներական ընկերությունում, որտեղից էլ ուղղությունը փոխվեց դեպի ծրագրային ապահովում:

Արփի Ջանյանը Արփի Ջանյանը
photo © Մեդիամաքս



Հիմա նաեւ շատ մասնագիտական դասընթացներ կան, որոնք հնարավորություն են տալիս կարճ ժամանակում, բայց ինչ-որ գաղափար կազմել տվյալ մասնագիտությունից: Ինչից հետո արդեն ամեն ինչ անհատից ու իր սովորելու պատրաստակամությունից է կախված, թե որքանով լիարժեք ձեռք կբերի նա այդ մասնագիտությունը:

Ամալի Խաչատրյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի