17:00 | 22.06.21 | Նորություններ | 1063
Telcell Wallet-ի օգտատերերն արդեն հնարավորություն ունեն իրենց էլեկտրոնային դրամապանակի հաշվից գումար կանխիկացնել ԱրարատԲանկի՝ 24/7 ռեժիմով աշխատող ավելի քան 100 բանկոմատից, որոնց թիվն օրեցօր ավելանում է:
Պարզապես անհրաժեշտ է Telcell Wallet-ում սեղմել «Ելքագրել» կոճակը, ընտրել «Կանխիկացում AraratBank բանկոմատից» տարբերակը եւ մուտքագրել գումարի չափը: Իսկ ԱրարատԲանկի բանկոմատի էկրանին պետք է սեղմել «Առանց քարտ կանխիկացում» կոճակը, ընտրել wallets, ապա Telcell Wallet ու մուտքագրել դրամապանակի հեռախոսահամարը (374xxxxxxxx) եւ SMS-ով ստացած ծածկագիրը: Ելքագրման օրական սահմանաչափն է՝ 1000 – 399 000 ՀՀ դրամ, կանխիկացման միջնորդավճարը՝ 1․5%: Կանխիկացում հնարավոր է օրական մեկ անգամ:
«Հաշվի առնելով մատուցվող ծառայությունների ընդլայնման անհրաժեշտությունը՝ ԱրարատԲանկը ներդրել է «Առանց քարտ կանխիկացում» ծառայությունը, որին վերջերս միացել է «Թել-Սել» ընկերությունը՝ իր էլեկտրոնային դրամապանակից կանխիկացման հնարավորությամբ»,- ասել է ԱրարատԲանկի պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետ Հայկ Հարությունյանը։
«ԱրարատԲանկի հետ մեր համագործակցությունը թույլ կտա Telcell Wallet-ի օգտատերերի համար ապահովել առավել մեծ հարմարավետություն՝ իրենց էլեկտրոնային դրամապանակից գումար կանխիկացնել ցանկացած օր ու ժամի թե՛ Երեւանում, թե՛ ՀՀ մարզերում: Մենք մշտապես ուսումնասիրում ենք շուկայի պահանջներն ու մեր ծրագրային լուծումները համապատասխանեցնում մեր օգտատերերի կարիքներին»,- ասել է «Թել-Սել» ընկերության ՏՏ տնօրեն Իրինա Գասպարյանը: