17:15 | 17.06.21 | Նորություններ | 1410
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է 2021 թվականի «Գաղափարից մինչեւ բիզնես» դրամաշնորհային ծրագրի մրցույթի մեկնարկի մասին։
Ծրագրի 3 բաղադրիչները՝ նորարարական, հեռանկարային եւ բեկումնային, թիրախավորում են պրոդուկտի զարգացման շղթայի առանձին փուլեր:
- Նորարարական բաղադրիչը նպատակ ունի աջակցելու բարձր տեխնոլոգիաների ոլորտին առնչվող նորարարական գաղափարների առաջխաղացմանը։
- Հեռանկարային բաղադրիչը՝ կաջակցի արդեն իսկ պրոդուկտի նախատիպի կամ նվազագույն կենսունակ արտադրանքի մշակման փուլում գտնվող ծրագրերի առաջխաղացմանը, դրանց շուկա մուտք գործելուն:
- Բեկումնային բաղադրիչը նպատակ ունի աջակցելու շուկայում արդեն իսկ որոշակի մասնաբաժին ունեցող ծրագրերին, որոնք պլանավորում են ընդլայնել իրենց թիրախային շուկաները:
Ծրագրի 3 բաղադրիչների ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 600 մլն դրամ:
Նորարարական բաղադրիչով ներկայացված ծրագրերին կարող է տրամադրվել առավելագույնը 5 մլն դրամ, հեռանկարային բաղադրիչի դեպքում՝ առավելագույնը 10 մլն դրամ, իսկ բեկումնայինի դեպքում՝ առավելագույնը 20 մլն դրամ:
Մրցույթին ներկայացված հայտերի գնահատումն իրականացվելու է մրցութային հանձնաժողովների կողմից 2 փուլով՝ նախապես սահմանված չափորոշիչների հիման վրա։
Դիմելու կարգի եւ մասնակցության վերաբերյալ մանրամասները՝ հղմամբ: