17:37 | 11.06.21 | Նորություններ | 1783
Հայաստանի Ֆրանսիական համալսարանը եւ Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանը «Արհեստական բանականություն» մագիստրոսական ծրագրի մեկնարկի վերաբերյալ նոր համաձայնագիր են կնքել։
Արդեն մի քանի տարի է, ինչ գործում է ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի բակալավրիատի ծրագիր, որը իրականացվում է Թուլուզի ինֆորմատիկայի հետազոտական ինստիտուտի, Գիտական հետազոտությունների ֆրանսիական ազգային կենտրոնի, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի եւ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի հետ համագործակցության արդյունքում։
2020 թվականի դեկտեմբերին համալսարանը որոշել է զարգացնել տեխնոլոգիական ոլորտում կրթության առաջարկը։ Վեց ամսվա ընթացքում մշակվել է ինժեներական կրթության նոր ծրագիր, որը միտված է զարգացնելու տեխնոլոգիական ոլորտի բարձրորակ կրթությունը ՀՖՀՀ-ում։
«Մագիստրոսական այս ծրագիրը համահունչ է տեխնոլոգիական վերջին զարգացումներին, այն ՀՖՀՀ-ի, այսինքն՝ նաեւ Ֆրանսիայի կողմից կարեւոր ներդրում է՝ ի շահ Հայաստանի։ Մենք մշակել ենք այս առաջարկը՝ հաշվի առնելով Հայաստանի արդյունաբերական ոլորտի կարիքները, հավատարիմ մնալով Հայաստանի հետ 20 տարի ի վեր ունեցած մեր համագործակցության տեսլականին»,- ասել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարը։
Արհեստական բանականության մագիստրոսական ծրագիրն ավարտելիս ուսանողները կստանան ֆրանսիական (եվրոպական) եւ հայկական պետական դիպլոմներ, որոնք ունեն միջազգային ճանաչում։