17:57 | 03.06.21 | Հոդվածներ | exclusive 19066

ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ» ծրագիրը հերքում է կարծրատիպերը

ՀԲԸՄ-ի «Կին ծրագրավորողներ» ծրագրի օգնությամբ տաղանդավոր կանայք ներգրավվում են երկրի կտրուկ զարգացող տեխնոլոգիական բնագավառում:

Դեռեւս երեք ամիս առաջ մեկ երեխայի մայր 42-ամյա Մարինե Մելքոնյանը ստիպված էր հույսը դնել առցանց հատուկենտ դասընթացների եւ կարճաժամկետ աշխատանքների վրա, որպեսզի պահպաներ համակարգչային ծրագրավորողի իր հմտությունները: Սակայն մեկ տասնամյակ առանց լրիվ դրույքով աշխատանքի մնալուց հետո Մարինեին սկսեց թվալ, որ պետք է խաչ քաշի իր մասնագիտական զարգացման վրա, քանի որ հույս գրեթե չէր մնացել: Իսկ նա հազիվ թե կրկին երիտասարդանար, որպեսզի կարողանար կտրուկ փոփոխություն մտցնել կարիերայում: «Ամեն ինչ շատ հիասթափեցնող էր», - խոստովանում է նա:

Ամեն ինչ այդպես էլ կմնար, եթե աչքով չընկներ Հայկական բարեգործական ընդհանուր միության «Կին ծրագրավորողներ» ծրագրի ֆեյսբուքյան գովազդը, որը թույլ տվեց նրան կրկին երազել: «Ծրագրի յուրաքանչյուր տարր՝ գործողությունների շրջանակից մինչեւ հայտերի ներկայացման գործընթացի խորություն, հուշում էր, որ սա հերթական հրապարակային աճպարարությունը չէ, ինչպես վերապատրաստման այլ դասընթացները, որոնք ողողել են Հայաստանի շուկան», - ասում է Մարինեն:

Ծրագիրը մեկնարկել է 2020թ. նոյեմբերին՝ որպես ՀԲԸՄ Կանանց հզորացման նախաձեռնության երրորդ բաղադրիչ, որը բազմաբովանդակ, միջմասնագիտական ծրագիր է՝ նախատեսված մասնագիտական զարգացման, ձեռներեցության եւ քաղաքացիական հասարակությունում առաջնորդության միջոցով Հայաստանում կանանց սոցիալ-տնտեսական ինքնուրույնությունը խթանելու համար:

««Կին ծրագրավորողներ» ծրագիրը հարթում է եւս մեկ ճանապարհ, որով Հայաստանի կանայք կարող են ընդլայնել իրենց աշխատանքային հորիզոնները մի բնագավառում, որը արագորեն դառնում է ժամանակակից Հայաստանի տնտեսության հենասյունը», - նշում է ՀԲԸՄ-ի կենտրոնական վարչության անդամ, ՀԲԸՄ-ի՝ 2017 թվականին մեկնարկած «Կանանց հզորացման նախաձեռնության» համահիմնադիր Անի Մանուկյանը:

ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ» ծրագիրը հիմնված է յոթ քայլից բաղկացած գործընթացի վրա, որում ներառված են ՏՏ նախագծերի կառավարման, որակի ապահովման եւ React JS-ի դասընթացներ՝ կրթաթոշակներով եւ երկրի լավագույն տեխնոլոգիական ֆիրմաներում փորձաշրջանով աշխատանքի տեղավորվելու հնարավորություններով հանդերձ:

Երեւանում գործող Quick Start վերապատրաստման կենտրոնի կողմից մշակված երեքից հինգ ամիս տեւողությամբ դասընթացներն առաջարկվում են անվճար: Ավարտելուն պես, խմբերից յուրաքանչյուրի լավագույն վեց մասնակիցներն արժանանում են կրթաթոշակների՝ իրենց ընտրած ուղղությամբ կրթություն ստանալու նպատակով:

Ծրագիրը նաեւ առաջարկում է աշխատանքային հիմունքների վերաբերյալ առցանց դասընթացներ, որոնց ժամանակ ուսուցանվում է ամեն ինչ՝ սկսած էլեկտրոնային նամակագրությունից ու ներկայացման հմտություններից մինչեւ ինքնավստահություն եւ գործարար էթիկա, այդ թվում՝ սեռական ոտնձգության դեպքերի կանխում, ճանաչում եւ պաշտպանություն. մի բան, որ ըստ «Կին ծրագրավորողներ»-ի ղեկավար Հասմիկ Հայրապետյանի՝ Հայաստանի շատ կանանց դեռեւս չի հաջողվում անել:

«Կին ծրագրավորողներ» ծրագրի դասընթացի մասնակից Արփինե Ալավերդյանը եւ դասընթացավար Եպրաքսիա Հովհաննիսյանը «Կին ծրագրավորողներ» ծրագրի դասընթացի մասնակից Արփինե Ալավերդյանը եւ դասընթացավար Եպրաքսիա Հովհաննիսյանը
photo © ՀԲԸՄ


Առցանց դասընթացները մատուցվում են կրթության ոլորտում ՀԲԸՄ-ի մեկ այլ հաջողված նախաձեռնության՝ Հայկական վիրտուալ համալսարանի առցանց հարթակի միջոցով:

Դիմակայելով Արցախում կրած ռազմական պարտության եւ COVID 19-ի հետեւանքով երկրում տիրող վհատության մթնոլորտին՝ 2021 թվականի մարտին 31 կանայք հաջողությամբ ավարտեցին ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ» ծրագրի շրջանակներում առաջարկվող ՏՏ նախագծերի կառավարում եւ Որակի ապահովում դասընթացները:

Նրանց թվում է եւ Մարինեն, ով ներկայումս փորձաշրջան է անցնում ծրագրային ապահովման ընկերությունում՝ սպասելով լրիվ դրույքով աշխատանքի առաջարկի: React JS ծրագրավորման եւս տասնվեց մասնագետ դասընթացները կավարտի այս հունիսին:

Հայտերի ընդունման առաջին գործընթացի ավարտին ծրագիրը նախնական ստացել էր 530 դիմում, որն, ըստ Հայրապետյանի, ՏՏ ոլորտում ներգրավվելու՝ Հայաստանի կանանց շրջանում տարածվող իրական շարժման վկայությունն էր:

Նախաձեռնությունն արդեն իսկ գրավել է տեխնոլոգիայի բնագավառի բազմաթիվ ընկերությունների ուշադրությունը, որոնք սկսել են ակտիվ օգտվել դրանից, այդ թվում՝ Instigate ինժեներական խոշոր ընկերությունը, որն առաջիններից էր, որ իր Գորիսի մարզային գրասենյակում աշխատանքի ընդունեց ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ» ծրագրի Որակի ապահովում դասընթացի շրջանավարտներից մեկին, որն ընդամենը մեկ ամիս էր, ինչ փորձաշրջան էր անցնում այնտեղ:

«Կին ծրագրավորողներ» ծրագրի շրջանավարտ Մարիամ Մարտիրոսյանը Instigate-ի Գորիսի գրասենյակում «Կին ծրագրավորողներ» ծրագրի շրջանավարտ Մարիամ Մարտիրոսյանը Instigate-ի Գորիսի գրասենյակում
photo © ՀԲԸՄ


Թեեւ գնահատանքի խոսքեր ասելու համար դեռ վաղ է, ընկերության հարավային մասնաճյուղը գլխավորող Կառլեն Օհանյանը ողջունում է թիմում կին աշխատողի ներկայությունը՝ ընդգծելով նրա գիտելիքների խորությունն ու գործնական իմացությունը, որ այնքան կարեւոր են աշխատավայրում արագ ինտեգրվելու համար: «ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ»-ի դեպքում ակնհայտ է, որ դիմողներից յուրաքանչյուրը մանրակրկիտ ընտրություն եւ վերապատրաստում է անցել, եւ դա օգնում է, որ ընկերություններն ավելի արագ զարգանան, քան դա հնարավոր է պատահական առցանց դասընթացներ ավարտածների պարագայում», - ասում է Օհանյանը:

Մինչ տվյալ բնագավառը նոր-նոր է սկսում կարեւորել փափուկ հմտությունները, ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ» ծրագրի շրջանավարտներն ապացուցել են, որ «լավ ընտրություն են» այն ընկերությունների համար, որոնք շահագրգիռ են հիմնականում տղամարդկանց կողմից զբաղեցված աշխատատեղերն արդյունավետ հաղորդակցության եւ թիմային աշխատանքի ասպարեզում վերապատրաստում անցած կանանցով համալրելու հարցում:

36-ամյա Լուսինե Վարդիկյանը, ով բանկային համակարգում աշխատանքի բազմամյա փորձ ունի եւ արդեն երրորդ անգամ է մայրացել, փորձում է իր տեղը գտնել ՏՏ ոլորտում: Նրա համար «Կին ծրագրավորողներ» ծրագրում ներգրավվելը նոր շունչ էր ոչ միայն կարիերայի հետ կապված նոր հնարավորություններ որոնելու, այլեւ ՔՈՎԻԴ-ով պայմանավորված մեկուսացումը թոթափելու առումով: Առաջնորդվելով իր աշխատանքի եւ ընտանիքի հանդեպ պատասխանատվության զգացումով՝ Լուսինեն դասընթացն ավարտելուց հետո փորձաշրջան անցնելու նպատակով դիմել էր միայն մեկ կազմակերպության՝ հակառակ ՀԲԸՄ-ում իր մենթորները հորդորների: «Ես ուզում եմ կատարելապես համապատասխանել իմ ընտրած կազմակերպության պահանջներին», - ասում է նա, սակայն գերազանցության ձգտումը միակ պատճառը չէ, որով բացատրվում է աշխատանք գտնելու հարցում նրա պասիվությունը:

Լուսինե Վարդիկյանը Լուսինե Վարդիկյանը
photo © ՀԲԸՄ


Ինչպես Հայաստանի 25-ից 35 տարեկան գործազուրկ կանանց 62 տոկոսը, Լուսինեն եւս առաջնային է համարում իր երեխաների խնամքը: «Ահա պատճառը, թե ինչու է ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ» ծրագիրը առաջին հերթին ուղղված մայրերին. որպեսզի նրանք եւս կարողանան գտնել իրենց նոր կոչումը ՏՏ ոլորտում, որը կօգնի նրանց կայանալ ֆինանսապես եւ հաղթահարել տեխնոլոգիայի ոլորտում կանանց ներգրավվածության հետ կապված հայկական կարծրատիպերը», - ասում է ծրագրի ղեկավար Հայրապետյանը:

Կառավարությունը ներկայումս մշակում է երեխաների խնամքի վերաբերյալ նոր օրենսդրություն, որը նորաթուխ ծնողներին, հատկապես մայրերին, ծննդաբերությունից հետո թույլ կտա ավելի շուտ վերադառնալ աշխատանքի: Սակայն, Հայրապետյանի պնդմամբ, Հայաստանի տեխնոլոգիայի ոլորտից կանանց դուրս մնալու պատճառներն ավելի խորն են, քան աշխատող ծնողների հիմնախնդիրը: «Դա ընկալման հարց է. իբրեւ թե կանայք իրենց բնույթով, չգիտես ինչու, հարմար չեն նման աշխատանքի համար, եւ որ պետք է ձգտեն առավել «ավանդական» աշխատանքի, օրինակ՝ կրթության եւ բժշկության ասպարեզներում: ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ» ծրագիրը նախատեսված է նման կեղծ բաշխումը հերքելու համար՝ տաղանդավոր կանանց ուղղորդելով դեպի արագորեն զարգացող այս ոլորտը, որն այնքան ունի դրա կարիքը», - ասում է նա:

Տեխնոլոգիայի ոլորտում աշխատող կանանց թվով Հայաստանը 11 տոկոսով առաջ է համաշխարհային միջին ցուցանիշից, որը կազմում է ընդամենը 19 տոկոս: Այս ցուցանիշն ամրապնդել է Հայրապետյանի վստահությունն այն հարցում, որ Հայաստանը կարող է առաջատարը դառնալ դեռեւս էապես տղամարդկանցով համալրված բնագավառում առկա գենդերային անջրպետը վերացնելու գործում: Եվ դրա համար կան բոլոր հիմքերը:

Հակառակվելով տարածված կարծիքին՝ Instigate-ի փոխտնօրեն Աննա Գեւորգյանը ոչ միայն խրախուսում է նորաթուխ մայրերի մուտքը ասպարեզ, այլեւ բոլոր կանանց քաջալերում է սկսել հնարավորինս վաղ: «Տեխնոլոգիայի դեպքում խնդիրը ո՛չ սեռն է, ո՛չ էլ ծնող լինելը: Խնդիրը միայն այն է, թե որքանով լավ եք տիրապետում ձեր աշխատանքին: Երբ ասում եմ, որ ընտանիք կազմելը եւ միեւնույն ժամանակ մասնագիտական ոլորտում աճելը հնարավոր է, ես խոսում եմ իմ իսկ փորձից՝ որպես երեք երեխայի մայր», - ասում է նա:

Հայացքը դեպի առաջ՝ Հայրապետյանը այժմ հետադարձ կապի մեջ է գործընկեր կազմակերպությունների հետ՝ գնահատելու համար «Կին ծրագրավորողներ»-ի շրջանավարտների առաջին խումբը, որպեսզի Հայաստանի ամենախոստումնալից արդյունաբերական ոլորտը եւ ամենատաղանդավոր կանայք միասին հասնեն հաջողությունների: «Դրանից կշահեն բոլորը», - ասում է նա, - «հատկապես Հայաստանը՝ ընդհանուր առմամբ»:

Գեւորգ Մնացականյան