12:04 | 20.05.21 | Նորություններ | 1339

Հայկ Չոբանյանն ծանոթացել է Երեւանի մաթեմատիկական մեքենաների գործարանի ծրագրերին

Մեծանուն հայ գիտնական Սերգեյ Մերգելյանի ծննդյան 93-ամյակի կապակցությամբ մայիսի 19-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանն այցելել է Երեւանի մաթեմատիկական մեքենաների գործարան, ծանոթացել գործարանի ներկայիս վիճակին, ընթացիկ եւ հեռանկարային ծրագրերին:

Կարեւորելով Սերգեյ Մերգելյանի հսկայական ծառայությունները մաթեմատիկական գիտության զարգացման գործում, նրա փայլուն կազմակերպչական գործունեությունը` ուղղված գիտատեխնիկական կառույցների ստեղծմանը՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ գործարանը պետք է երկրի գիտական ներուժի համատեղման կարեւորագույն հենարաններից մեկը լինի:

Նախարարի պաշտոնակատարը ընդգծել է Մերգելյանի անվան Երեւանի մաթեմատիկական մեքենաների գործարանի կարեւորութունը Հայաստանի գիտական մտքի զարգացման գործընթացում։  Այն հայկական գիտության առաջընթացի կարեւորագույն հենարաններից է եղել եւ այժմ էլ լուրջ հավակնություններ կան վերադարձնելու գիտական համբավը։

Հայկ Չոբանյանը գործարանի գլխավոր տնօրեն Ռաֆայել Սահակյանին հանձնարարել է հստակ ժամկետներում մշակել գործարանի զարգացման ծրագիր եւ ռազմավարություն, հստակեցնել տեխնիկական առաջադրանքները։  «Գնահատելով ունեցածը՝ պետք է նոր թափով շարունակել ճանապարհը»,- ասել է Հայկ Չոբանյանը։

Նախարարի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ մոտ ապագայում Հայաստանը գիտական մտքի երկիր կդառնա:

«Հայաստանն այլեւս ոչ թե ծառայություններ մատուցող երկիր, այլ գիտական մտքի շտեմարան պետք է լինի, որտեղ համախմբված կլինի երկրի ողջ գիտական ներուժը: Այդ նպատակի համար պետք է ներգրավել ոլորտին քաջատեղյակ մարդկանց։  Երեւանի մաթեմատիկական մեքենաների գործարանում կանգնած մեխանիզմներ  չպետք է լինեն»։