16:07 | 06.05.21 | Հարցազրույցներ | exclusive 40088

Լեո Պետրոսյան. Հայաստանում առողջապահական ընկերություն ստեղծելու բազմաթիվ հնարավորություններ կան

Nile AI ընկերության գործադիր տնօրեն Լեո Պետրոսյանը վերջերս այցելել էր Հայաստան: ԱՄՆ-ում հիմնադրված առողջապահական ստարտափի ղեկավարը ցանկանում է ընդլայնել Nile AI-ի գործունեությունն ու թիմ հավաքել Հայաստանում:

Itel.am-ը զրուցել է Լեո Պետրոսյանի հետ՝ ընկերության նպատակների եւ Հայաստանի առողջապահական էկոհամակարգի շուրջ:

- Nile.ai-ն ստեղծվել է էպիլեպսիա ունեցով մարդկանց եւ նրանց մասին հոգ տանող հարազատներին ու բժիշկներին օգնելու համար: Պատմե՛ք մի փոքր Ձեր ընկերության մասին: Ինչպիսի՞ տեխնոլոգիաներ եք օգտագործում, ո՞րն է Ձեր նպատակը եւ առաքելությունը: Ձեր կարծիքով՝ առողջապահական տեխնոլոգիաներն ի՞նչ դեր են խաղալու Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում:

- Nile-ը հիմնադրվել է 2020թ. Բելգիայում գտնվող գլոբալ դեղագործական ընկերության՝ UCB-ի հետ համագործակցության արդյունքում:

UCB-ն մասնագիտացած է էպիլեպսիայի բուժման տարբերակների ստեղծման եւ շուկայավարման գործում: Ոլորտում հարուստ փորձ ունեն եւ պարզել են, որ առաջին նոպայից հետո պացիենտին պահանջվում է 5-8 տարի՝ բուժման ամենահարմար տարբերակը գտնելու համար: UCB-ն մեզ վստահել է օգնել պացիենտներին՝ նոպաների կանխատեսման ու բուժման տարբերակի հարցում կողմնորոշման ընթացքում: Արհեստական բանականության միջոցով մեր ստարտափը գտնում է տվյալ հիվանդի համար ամենալավ բուժման տարբերակ:


Ստարտափ ընկերությունների մեծ մասը սկսում է հիմնադիրների գաղափարից, եւ նրանք տարիներ շարունակ գումարներ են հավաքում: Nile-ը հիմնադրվեց UCB-ի կողմից, այսինքն մենք առաջին օրից ստեղծեցինք ընկերություն՝ համաշխարհային մակարդակի թիմով, որտեղ ընկերության առաջին ներդրումները կազմեցին շուրջ 25 միլիոն եվրո: Ես առաջին աշխատակիցն էի եւ պաշտոնապես աշխատող չէի՝ մինչեւ ֆինանսավորման հաստատումը: Մենք այլ սկզբունքով գործող ստարտափ դարձանք, ի տարբերություն այն ստարտափների, որոնց դեպքում մարդիկ սկսում են գաղափարով ու որոշ ժամանակ թեստավորում այն ՝ հույս ունենալով շուկա գտնել:
Մենք ունեինք շուկա, ներդրող, հաճախորդների բազա՝ լուրջ խնդրով եւ հնարավորությամբ, եւ UCB-ն մեզ հանձնարարեց կառուցել ընկերություն՝ այդ հարցը լուծելու համար:

- Ե՞րբ եւ ինչպե՞ս եք ծանոթացել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի հետ:

- Իմ առաջին այցը Հայաստան կայացել է մոտ հինգ տարի առաջ: Ես նախկինում էլ էի փորձել Հայաստանում ընկերություն ստեղծել, բայց այս անգամ փորձում ենք այլ կերպ վարվել, քան նախկինում:

Այդ այցից ի վեր ես բազմիցս եմ այցելել եւ հետեւել, թե ինչպես են ԱՄՆ-ում հիմնադրված  Disqo-ի եւ ServiceTitan-ի պես ընկերությունները մուտք գործում հայաստանյան տեխնոլոգիական էկոհամակարգ եւ հաջողության հասնում: Նրանք երկուսն էլ սկսել են որոշակի ներդրումներից եւ հաջողությամբ կառուցել կազմակերպություններ, որոնք գործում են երկու տարբեր տարածքներում:

Մենք չենք գալիս Հայաստան որպես ուղղակի ՏՏ ընկերություն, այլ որպես առողջապահական ընկերություն, որը փորձում է այստեղ առողջապահական ընկերություն ստեղծել:

- Ինչու՞ որոշեցիք կապեր հաստատել հենց Հայաստանում:

- Ազգությամբ հայ եմ, ինչը, իհարկե, իր դերն ունեցավ: Արցախյան պատերազմը եւս փոխեց մոտեցումս. շատերն ասում էին, որ ներդրումների համար անհաջող պահ է, բայց ես համոզված եմ, որ հիմա ամենաճիշտ ժամանակն է Հայաստանում ներդրում կատարելու համար: Հիմա մենք կարող ենք ավելիին հասնել, բազմաթիվ մարդկանց միավորել ճիշտ նպատակի շուրջ: COVID-ը բոլորին ցույց տվեց առողջապահության կարեւորությունը: Այս ոլորտը ոչ ոքի չէր հետաքրքրում 2019թ., իսկ այսօր այն ամբողջ աշխարհում ուշադրության կենտրոնում է՝ համավարակի պատճառով:


Պատրաստ եմ սա կրկնել առաջիկա 10 տարվա ընթացքում. համոզված եմ, որ Հայաստանի առողջապահական ոլորտը զարգացման հիանալի հեռանկար ունի: Եթե ես ձեզ ասեի, որ ինչ-որ ձեռներեց ցանկանում է iPhone արտադրել Հայաստանում, կհարցնեիք, թե ինչպե՞ս է նա պատրաստվում հեռախոսի մասերը գտնել եւ  Հայաստան հասցնել, որտեղի՞ց է արտադրամասի 100 հազ. աշխատող գտնելու: Այս հարցերը կծագեն, քանի որ Հայաստանում հեռանկարային չէ մեծ ծավալով արտադրություն հիմնելը. երկիրը չունի համապատասխան ենթակառուցվածք, մատակարարման շղթա, աշխատուժ, բեռնափոխադրման կարողություն:

Փոխարենը, առողջապահությունը մի ոլորտ է, որտեղ կարող ես ունենալ խելացի մարդկանց փոքր խումբ, որոնք բիզնես են կառուցում եւ մրցակցում են աշխարհում:  Հայաստանում հնարավոր է ունենալ 15 հոգանոց թիմ, որը բիզնես է վարում Չինաստանում, Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, եւ մենք մի քանի պատճառներով կարող ենք գերազանցել այդ երկրների մատակարարներին:

Առողջապահությունը շատ շահութաբեր է եւ ենթադրում է ցածր ծավալի արտադրություն: Այս ոլորտը նման չէ ավտոմատացված արտադրությանը: Առողջապահական ընկերություն հիմնելու բազմաթիվ հնարավորություններ կան:

Մեկ շաբաթ Հայաստանում էի եւ հանդիպեցինք տարբեր մասնագետների ու կազմակերպությունների, եւ այստեղ միայն մեկ բան է պակասում՝ պատրաստի արտադրանքը շուկա հանելու ճանապարհը: Մենք ունենք մարդիկ, ովքեր գիտեն դա անել եւ այդ գիտելիքները կբերեն Հայաստան:

- Ի՞նչ ծրագրեր եք ցանկանում իրականացնել Հայաստանում:

- Ներկայում մենք Հայաստանում թիմ ենք ստեղծում: Շատ ընկերություններ այստեղ ստեղծում են տեխնոլոգիական թիմ, բայց Nile-ի դեպքում ամեն ինչ այլ է. այստեղ մենք ստեղծում ենք մեր ընկերության մյուս կեսը: Nile-ը կհավաքագրի տեխնոլոգիական ոլորտի մասնագետների, բայց մենք նաեւ ցանկանում ենք թիմում ունենալ բժիշկներ, գրողներ, դիզայներներ եւ հետազոտողներ, քանի որ հաջողակ լինելու համար ընկերություններին պետք է ավելին, քան պարզապես ինժեներները: Այնպես որ, մենք այստեղ կենտրոնացած չենք միայն ինժեներների հետ աշխատելու ուղղությամբ:

Հայաստանում տեսել ենք փայլուն մարդկանց, որոնք ծրագրավորող չեն, եւ եթե նայեք շուկային, կտեսնեք, որ նրանց պահանջարկը շատ մեծ է, իսկ աշխատավարձը ՝ շատ բարձր: Գուցե ծրագրավորողների համար արված ներդրումները լավ ներդրում են թվում, բայց գրողները, հետազոտողները, բժիշկները, դիզայներները, հնարավոր է, ներդրումներ անելու բացառիկ հնարավորություն են:

Nile-ը Հայաստանում ներկայություն եւ գրասենյակ է ստեղծում. մենք պաշտոնապես հիմնել ենք ընկերություն եւ տարվա մնացած մասն անցկացնելու ենք թիմ հավաքագրելով:


Մեզ համար ամենակարեւորն է՝ թիմում ներգրավել մարդկանց, որոնք ցանկանում են աշխատել առողջապահության ոլորտում եւ հաջողության հասնել կանոնակարգված բնագավառում, քանի որ առողջապահությունը որպես ոլորտ խիստ կանոնակարգված է: Այն համբերություն է պահանջում, ինչպես նաեւ փաստաթղթեր լրացնելու եւ ամեն ինչ թեստավորելու պատրաստակամություն. այս ոլորտում ամենակարեւորն անվտանգությունն է:

Մարդիկ սովոր են լինել տեխնոլոգիական ոլորտում, որտեղ ամեն օր նոր բան է գործարկվում: Դժվար է փոփոխություն կատարել, բայց մենք հավատում ենք, որ կան բավական շատ մարդիկ, ովքեր կանեն այդ փոփոխությունը եւ կտեսնեն այն, ինչ մենք տեսնում ենք, քանի որ տեխնոլոգիաները առողջապահության ապագան են:

- Ի՞նչպիսի մարտահրավերների են բախվում օտարերկրյա ընկերությունները հայկական շուկայում: Ի՞նչ բարեփոխումներ կցանկանայիք տեսնել:

- ԱՄՆ-ում, Եվրոպայում կյանքն ավելի հեշտ է. ցանկացած խնդրի լուծման հազարավոր ուղիներ կան: Հայաստանում հաճախ ստիպված ես ինքդ լուծում գտնել: Օրինակ, մենք ցանկանում էինք համակարգիչները, սերվերները եւ այլ սարքավորումները գնել ԱՄՆ-ում եւ այնտեղից բերել Հայաստան, տեղադրել մեր հայկական գրասենյակում: Մաքսային ծառայությանը մանրամասն տեղեկացրել էինք բեռի պարունակության մասին, որպեսզի ամեն ինչ հարկվի ըստ օրենքի: Մեծ գումար էինք վճարել: Բեռը 2 օրում Լոս Անջելեսից հասել էր Երեւան, բայց մեզ 4 շաբաթ է պահանջվել՝ այն մաքսային ընթացակարգով անցկացնելու համար: Բյուրոկրատիան իր դերը խաղաց, նաեւ բեռի մեջ մեծ քանակով սարքավորումներ կային, արդյունքում փոխադրումը շատ երկար տեւեց:

Իսկ ԱՄՆ-ում ես փոխադրում եմ կատարում Նյու Յորքից Լոս Անջելես ու զայրանում, եթե այն հաջորդ օրը չեմ ստանում: Այստեղ՝ Հայաստանում, պիտի պատրաստ լինես գործի դանդաղ ընթացքին:

Եվս մեկ խնդիր կա. աշխատավարձի առումով Հայաստանում բնակվող ծրագրավորողներն ունեն նույն ակնկալիքները, ինչ Արեւմտյան Եվրոպայի մասնագետները: Միացյալ Նահանգներում ընտանիքի միջին տարեկան եկամուտը կազմում է $40 հազ., իսկ ծրագրավորողը միջինում ստանում է դրա կրկնապատիկը: Տեխաս նահանգի որոշ շրջաններում ընտանիքների եկամուտը հայաստանցի ծրագրավորողի աշխատավարձից երկու անգամ ցածր է: Ինձ համար ավելի հարմար է Տեխասից ծրագրավորող գտնել եւ այլեւս չանհանգստանալ ժամային գոտիների տարբերության մասին:


Իմ կարծիքով, տեխնոլոգիականն այն ոլորտը չէ, որտեղ ամենաշատ ավելացված արժեք կարելի է գեներացնել: Իհարկե, ծրագրավորողները հիանալի մարդիկ են, բայց իրական արժեքն ուրիշ ոլորտներում է: Օրինակ, եթե համեմատենք հայաստանցի եւ ամերիկացի բժիշկների եկամուտը, գիտե՞ք, ինչ կտեսնենք: Հայաստանցի բժիշկն իր ամերիկացի գործընկերոջ աշխատավարձի 1/20-րդն է ստանում: Եթե ինձ անհրաժեշտ լինի երեք բժիշկ՝ իրականացնելու հետազոտություն, մասնագիտանալու այս կամ այն հիվանդության մեջ եւ ինժեներներին կրթելու այդ հիվանդության մասին, ես բժիշկների թիմ կփնտրեմ Հայաստանում:

- Ի՞նչպիսի ծրագրերի իրականացմանն եք նախատեսում հասնել 1 տարի անց։

- Մեր ընկերության ծրագրերը շատ պարզ են։ Սա երիտասարդ ընկերություն է, բացման մասին պաշտոնապես հայտարարվել է ընդամենը 3 ամիս առաջ։ Առաջիկա 12 ամիսներին եւ հաջորդող 10 տարվա ընթացքում մենք նախատեսում ենք հասնել նրան, որ մեր հարթակն ավելի շատ հիվանդանոցներում տեղադրվի, ավելի շատ պացիենտների կողմից օգտագործվի եւ ժամանակի ընթացքում ավելի մեծ արժեք ձեռք բերի։ Մեր առաքելությունը երկու հիմնարար տարր է պարունակում․ էպիլեպսիայի կանխատեսում ու վերահսկողություն։ Մեզ հարկավոր են տվյալներ՝ կառուցելու կանխատեսող մոդելներ, ինչպես նաեւ համապատասխան բուժում՝ վերահսկելու հիվանդության ընթացքը։ Եթե դիտարկենք ընկերության նպատակն առաջիկա 3-5 տարվա կտրվածքով, ճիշտ կլինի հարցնել, թե քանի՞ հիվանդանոց ու քանի՞ պացիենտի ենք մենք ցանկանում հասցնել մեր հարթակը։ Մեր առաքելությունն իսկապես շատ պարզ է, մենք արարում ենք՝ հանուն հատուկ նպատակի։

Ընկերության նպատակները եւ իմ անձնական ծրագրերը բավական տարբեր են։ Ընկերությունը ցանկանում է հաստատվել Հայաստանում, այստեղ թիմ ունենալ, դառնալ միջազգային կառույց։ Ես չեմ ցանկանում, որ Լոս Անջելեսի եւ Երեւանի մեր մասնաճյուղերը երկու տարբեր կազմակերպություն լինեն։ Երկուսն էլ պիտի ունենան նույն տեսքն ու կրեն նույն բովանդակությունը։ Եթե, օրինակ, Zoom-ով զրույց եք վարում, պիտի տարբերություն չզգաք երկու մասնաճյուղերի միջեւ, որովհետեւ նույն տեսքի պիտի լինեն եւ մարդկանց հանդեպ ցուցաբերվի նույն վերաբերմունքը։

Ընդհանուր առմամբ, ինձ շատ է քաջալերում այն փաստը, որ Հայաստանում բազմաթիվ հնարավորություններ կան առողջապահական ընկերություն ստեղծելու եւ եվրոպական ու ամերիկյան շուկա դուրս գալու համար։ Կարծում եմ, շատ ժամանակ եմ հատկացնելու արտահանման հնարավորությունների ուսումնասիրությանը։ Օրինակ, եթե դիտարկենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, բնակչության քանի՞ տոկոսն է ծրագրավորմամբ զբաղվում։ Հայաստանում այդ թիվը կազմում է առավելագույնը 5%։ Ստացվում է, որ հայկական շուկայում հաստատվելիս ու հայ մասնագետ վարձելիս, տեխնոլոգիական ընկերությունները փոխում են բնակչության ընդամենը 5 տոկոսի կյանքը։ Իսկ ի՞նչ կասենք մնացած 95%-ի մասին։ Այդ մարդկանց շրջանում ավելի շատ հնարավորություններ կան։

Իմ կարծիքով, եթե որեւե բիզնես կարող է հիմնել արտադրություն Շվեյցարիայում եւ շահույթ ունենալ, ապա մենք կարող ենք նույն արտադրանքը մշակել շատ ավելի քիչ գումարով եւ այնպիսի որակ ապահովել, որ կարողանանք մրցել Եվրոպայում եւ ԱՄՆ-ում։ Պատճառը տաղանդի արժեքն է, հատկապես՝ ՏՏ ոլորտից դուրս։ $100 հազ. բյուջեով ես կարող եմ Հայաստանում 5-հոգանոց թիմ հավաքել եւ մեկ տարվա ընթացքում ֆինանսավորել արտադրությունը։

Խնդիրն այն է, որ պետք է հասկանալ ոչ միայն արտադրության եղանակը, այլ նաեւ արտադրանքի՝ եվրոպական նորմերին համապատասխանեցումը։ Սա արդեն դժվար գործ է։ Ինչպիսի՞ փաստաթղթեր են պետք արտադրանքը Գերմանիայում կամ Ֆրանսիայում վաճառելու համար։ Ամերիկյան շուկա շատ ավելի դժվար է մուտք գործել, քան ռուսական։ Ես այստեղ մեծ հնարավորություններ եմ տեսնում, մենք կարող ենք բժշկական սարքավորումներ արտահանել Հայաստանից Եվրոպա, ԱՄՆ, Չինաստան։ Կարգավորումները գրեթե նույն մակարդակի դժվարություն են ներկայացնում բոլոր երկրներում, այնպես որ, ավելի ձեռնտու է մեծ շուկայում գործել։ Երեք ամենամեծ շուկաներն են ԱՄՆ-ը, Եվրոպան ու Չինաստանը։ ԱՄՆ-ում կա 7,000 հիվանդանոց, որոնցից յուրաքանչյուրն ամեն սարքավորման համար կարող է վճարել $250 հազ.-$300 հազ.։ Եվրոպայում կա 17,000 հիվանդանոց, իսկ կարգավորման համակարգը միասնական է, այսինքն, մեկ վկայագիրը ճանապարհ է բացում դեպի բոլոր ԵՄ երկրներ։ ԱՄՆ-ի դեպքում հեշտ է՝ մեկ վկայագիր, մեկ լեզու, Եվրոպայում՝ մեկ վկայագիր, մի քանի լեզու, Չինաստանում՝ մեկ վկայագիր, մեկ լեզու։ Իսկ ահա «10 վկայագիր, 10 լեզու» տարբերակն արդեն անցանկալի է։

Լեո Պետրոսյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը