12:41 | 27.04.21 | Նորություններ | 1307

Հայփոստը գործարկում է Haypost Pay դրամապանակի բետա տարբերակը

Հայփոստ ՓԲԸ-ն ներկայացրել է Haypost Pay դրամապանակի առաջին բետա տարբերակը: Haypost Pay դրամապանակի հաշիվ կարելի է ստեղծել հաշված րոպեների ընթացում՝ ներբեռնելով Haypost Pay հավելվածը:

Հաշիվը հնարավոր է լիցքավորել բանկային քարտերից, ինչպես նաեւ կանխիկ դրամով՝ մոտենալով Հայփոստի ցանկացած բաժանմունք: Haypost Pay բետա թողարկմամբ դրամապանակով հնարավոր է  լիցքավորել բջջային հեռախոսի հաշիվը, իրականացնել կոմունալ, ինտերնետի, հեռուստատեսության եւ այլ վճարումներ, ինչպես նաեւ կատարել փոխանցումներ այլ Haypost Pay հաշվետերերի:  

Դրամապանակի հաշվի գումարը հնարավոր է կանխիկացնել փոստային բաժանմունքներում, շուտով նաեւ՝ ուղարկելով բանկային քարտի հաշվին: Haypost Pay դրամապանակի հաշվետերերը միմյանց փոխանցումներ կարող են կատարել առանց միջնորդավճարի: Հավելվածը այժմ նախատեսված է Android, շուտով նաեւ iOS օպերացիոն համակարգերով գործող սմարթֆոնների համար:

«Հայփոստը փոփոխությունների ճանապարհին է, մեր նպատակն է սկիզբ դնել փոստային ծառայություների մատուցման նոր մշակույթի ձեւավորմանը եւ առաջարկել նորարար ու առաջադեմ լուծումներ: Ուստի, այսօր մեր հաճախորդներին ենք ներկայացնում Haypost Pay  դրամապանակի բետա տարբերակը: Մեր հաճախորդներին խնդրում ենք ակտիվորեն օգտվել Haypost Pay հավելվածից, քանի որ հենց ձեր արձագանքների, առաջարկների հիման վրա ենք  մեր հավելվածը էլ ավելի բարելավելու եւ զարգացնելու»,- նշել է Հայփոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը

Ֆինանսական ծառայություններից օգտվելուց բացի, Հայփոստի հաճախորդները դրամապանակով նաեւ կարող են հետեւել իրենց առաքանիների հետագծին՝ որոնումն իրականացնելով առաքանու բեռնային համարով: