08:30 | 22.04.21 | Նորություններ | 11957

Գուրգեն Խաչատրյան. Ucom-ի կազմաքանդման փորձերը տապալվեցին

«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանն հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

«Մեկ տարի առաջ այս օրերին սկսվեցին Ucom-ի կազմաքանդման ակտիվ փորձերը: Ապօրինությունների ցիկլը ուղղված էր մեր ընկերությունում անկառավարելի իրավիճակ ստեղծելու փորձերին, ինչի արդյունքում, ըստ բոլորին հայտնի շրջանակների, ստիպված էինք լինելու կասկածելի ուժերի օտարել մեր 12 տարվա ամենօրյա աշխատանքի արդյունքը՝ Ucom-ը։  

Հիշում եմ, լրիվ պատահական, հենց այդ օրերին, երբ հայրս կալանավայրում զրկված էր բժշկական օգնության իրավունքից, մեր 12 տարվա գործընկերը հանկարծ հասկացավ, որ աշխատանքային տարաձայնություններ ունենք եւ իր օրակարգը չընդունելու արդյունքը ավելի քան 500 աշխատակիցներ ազատման դիմումներն են` ցանցի խափանման հնարավոր հետեւանքով: Դետալների մասին կլռեմ՝ բիզնես կոռեկտությունից ելնելով։ Ժամանակը ամեն ինչ ցույց կտա:

Այսօր`արդեն մոտ մեկ տարի անց, ուզում եմ արձանագրել, որ թեեւ դժվարությամբ, այնուամենայնիվ մեզ հաջողվեց հաղթահարել ճգնաժամը: Մեր թիմը կարողացավ արժանապատվությամբ եւ ինստիտուցիոնալ մոտեցմամբ վերականգնել կայունությունը՝ զերծ մնալով իռացիոնալ գործելաոճից: Ucom-ի աշխատակազմը բացառիկ կամք եւ պատասխանատվություն ցուցաբերեց` անգամ ամենադժվարին օրերին պահպանելով եւ առաջնորդվելով բաժանորդների շահերով: Բիզնես համայնքը եւ միջազգային գործընկերները փոխգործակցության հուսալի վարք ու պատրաստակամություն ցուցաբերեցին, իսկ մեր մրցակիցները`«Վիվա-ՄՏՍ»-ը եւ «Բիլայն Արմենիան» բացառիկ սոլիդարություն պահպանեցին: Ես շնորհակալ եմ եւ երախտապարտ, որ հայկական օպերատորին սատարելու համար դրսեւորվեց հավաքական ուժ եւ աջակցություն:

Կարեւոր եմ համարում ընդգծել, որ դժվարին այս տարում մեր թիմը նաեւ covid19-ի մարտահրավերը հաղթահարեց՝ առաջնորդվելով մի կողմից անվտանգության, մյուս կողմից՝ թիմերի ամբողջականության պահպանման գերակայությունով։ Պատերազմը նոր օրակարգ առաջադրեց. Ucom-ը օր ու գիշեր աշխատանքով բազմաբնույթ աջակցություն ցուցաբերեց բանակին՝ տեխնիկական աջակցման, կապի ապահովման համալիր միջոցառումների եւ ուղիղ նվիրատվության միջոցով։ Ցավով պիտի ասեմ, որ հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհեցին նաեւ Ucom-ի երեք աշխատակիցներ. խոնարհվում ենք նրանց լուսավոր հիշատակի առջեւ։

Այսօր, երբ շատերս համավարակից ու պատերազմից ընտանիքի անդամ ենք կորցրել, տնտեսական քայքայիչ կորուստներ կրել, գուցե կորցրել ապագայի կայունության հեռանկարը, միեւնույն է` թեւաթափ լինելու իրավունք չունենք: Փորձությունները գալիս են ստուգելու մեր կամքն ու դիմացկունությունը: Ucom-ը էլ ավելի ամուր հենքով է շարունակելու ծառայել Հայաստանին` իր մարդկային ներուժով, ռազմավարական ենթակառուցվածքներով եւ լայնամասշտաբ ինովատիվ ծրագրերով: Վստահ եմ, որ միջազգային գործընկերությունների եւ ներդրումների ներգրավման միջոցով զգալի ազդեցություն կունենանք մեր երկրի տնտեսության վերակառուցման ու զարգացման վրա»: