16:47 | 13.04.21 | Նորություններ | 946

12 ստարտափ կներկայանա Հայաստանի ստարտափ ակադեմիայի Դեմո օրվա շրջանակում

Ապրիլի 17-ին տեղի կունենա Հայաստանի ստարտափ ակադեմիայի նախաաքսելերացիոն ծրագրի 6-րդ շրջանի առցանց Դեմո օրը, որի ընթացքում կներկայացվեն ծրագրի 12 շրջանավարտները:

Թիմերը նորարարական գաղափարներով են հանդես եկել ռոբոտաշինության, անվտանգության, առողջապահության եւ այլ ոլորտներում:

Եռամսյա ծրագրում ներգրավված են եղել 32 հիմնադիրներ, ովքեր անցել են իրենց ստարտափների համար անհատապես մշակված ծրագրով, անց են կացվել 150-ից ավելի անհատական հանդիպումներ, 22 խմբային քննարկումներ եւ փիչինգի սեմինարներ։

Մասնակիցները ստացել են խորհրդատվություն գաղափարների վավերացման, հաճախորդների զարգացման, շուկայում աճի ռազմավարության մշակման եւ փիչինգի հարցում, պատրաստվել տեղական եւ միջազգային շուկա մուտք գործելուն:

Հիմնադիրները նաեւ ձեռք են բերել այնպիսի գործիքակազմ եւ ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ են վերջիններիս իրենց ընկերությունները հիմնելու եւ սկզբնական աճի համար:

Դեմո օրվան կարելի է միանալ առցանց՝ ապրիլի 17-ին՝ ժամը 18:00-ին: Գրանցման հայտը հասանելի է այստեղ:

Հայաստանի ստարտափ ակադեմիայի Նախաաքսելերացիոն ծրագիրը նախատիպի փուլում գտնվող տեխնոլոգիական ստարտափների համար նախատեսված 12-շաբաթյա ծրագիր է, որն ուղղորդում է վերջիններիս հաճախորդների զարգացման, նախասաղմնային ներդրումների ներգրավման, ինչպես նաեւ տեղական եւ համաշխարհային շուկա մուտք գործելու հարցում:

Նախաաքսելերացիոն ծրագրի 6-րդ շրջանը իրականացվել է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ։