12:50 | 05.04.21 | Նորություններ | 1125
Վերջին շրջանում Հայաստանում հաճախակի են դարձել բանկային քարտերի սեփականատերերի նկատմամբ խարդախության դեպքերը եւ մեսենջերների ու սոցիալական ցանցերի միջոցով օգտատերերին խաբելու փորձերը:
Հանցագործները հաճախ օգտագործում են հանրաճանաչ մեսենջերները՝ բանկերի հաճախորդների հետ կապ հաստատելու համար: Միայն տարեսկզբին օգտատերերի բողոքների հիման վրա Հայաստանում Viber-ի կողմից արգելափակվել է խարդախության նշաններ ունեցող ավելի քան 1200 հաշիվ։ Viber-ը նախազգուշացնում է ռիսկերի մասին եւ հիշեցնում՝ ինչպես պաշտպանվել, եթե խաբեբաները կապվում են ձեզ մեսենջերով:
Չարագործները հաճախ զանգահարում կամ գրում են օգտատերերին բանկային կեղծ հաշիվներից եւ ներկայանում են որպես տվյալ բանկի աշխատակից։ Տվյալ բանկի լոգոն եւ անվանումն օգտագործվում են նմանատիպ հաշիվների կողմից առանց որեւէ փոփոխության։ Հաղորդակցվելով հանցագործները փորձում են օգտատերերից տարբեր պատրվակներով տեղեկատվություն ստանալ բանկային քարտի տվյալների վերաբերյալ:
Viber-ը հիշեցնում է, որ մեսենջերներով օգտատերերը չպետք է որեւէ մեկին փոխանցեն`
● բանկային քարտի տվյալները՝ հաշվեհամարը, վավերականության ժամկետը, CVV- ծածկագիրը,
● որեւէ PIN կոդ,
● ինտերնետ բանկինգի մուտքանունն ու գաղտնաբառը,
● 3D Secure համակարգի գաղտնաբառը,
● SMS գաղտնաբառը:
Բանկի աշխատակիցներից կամ ցանկացած այլ կազմակերպության ներկայացուցիչներից կասկածելի զանգեր կամ հաղորդագրություններ ստանալու դեպքում, որտեղ նրանք փորձում են գաղտնի տեղեկատվություն ստանալ ձեզանից, անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել նամակագրությունը եւ զանգահարել բանկի պաշտոնական կայքում կամ քարտի հետին մասում նշված համարին:
Viber-ի յուրաքանչյուր օգտատեր չարագործի հեռախոսահամարը կարող է նշել որպես «Սպամ»՝ կատարելով հետեւյալ գործողությունները.
● բացե՛ք տվյալ օգտատիրոջ հետ երկխոսության պատուհանը,
● քանի որ ուղարկողը ձեր գրանցված համարների ցուցակում չէ, ծրագիրն անմիջապես ձեզ կառաջարկի «Ավելացնել հեռախոսահամարը», «Սա սպամ է» կամ «Արգելափակել» տարբերակները,
Տվյալ օգտատիրոջն արգելափակելու համար կարող եք ընտրել երկու տարբերակներից որեւէ մեկը՝ «Սա սպամ է» կամ «Արգելափակել». երկու դեպքում էլ նրա հաշիվը կարգելափակվի: Որոշակի քանակությամբ հաղորդագրությունների եւ բողոքների առկայության դեպքում, տվյալ օգտատերը կարգելափակվի Viber-ում եւ այլեւս հնարավորություն չի ունենա որեւէ մեկին անհանգստացնել մեսենջերի միջոցով:
Կեղծ հաշիվների մասին կարող եք նաեւ տեղեկություններ փոխանցել Viber-ի աջակցության կենտրոն՝
● տվյալ հեռախոսահամարը, որից կապ են հաստատել Ձեզ հետ Viber-ում, պետք է նկարել սքրինշոթի միջոցով,
● անցնել help.viber.com/ru/contact կայքի հղմամբ
● բացված պատուհանում լրացնել հետադարձ կապի համար նախատեսված հայտը՝ նկարագրելով խնդիրն ու կցել սքրինշոթը։
Ընկերությունում նշել են, որ Viber-ի բոլոր հաղորդագրությունները ծածկագրված են «վերջից վերջ» կոդավորմամբ (End-to-end encryption):
«Տվյալների փոխանցման այս մեթոդը ենթադրում է, որ միայն հաղորդակցվող կողմերը կարող են տեսնել բովանդակությունը: Կոդավորման բանալիները պահվում են օգտատերերի հեռախոսներում, եւ ոչ ոք չի կարող հասանելիություն ստանալ: Viber-ը չի պահում բովանդակությունը նաեւ իր սերվերներում. բոլոր հաղորդագրությունները ջնջվում են հասցեատիրոջն առաքվելուց հետո: Rakuten Viber ընկերությունն անընդհատ կատարելագործում է օգտատերերին պաշտպանելու իր ներքին մեխանիզմներն ու գործիքները»: