Տիգրան Խուդավերդյանը
17:27 | 31.03.21 | Նորություններ | 1327
«Յանդեքս» ընկերությունների խմբի գործադիր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը մեկնաբանել է այն լուրերը, որոնց համաձայն Ռուսաստանում Samsung-ը սկսել է իր սմարթֆոններում նախատեղադրել «Յանդեքս»-ի հավելվածը, որը հնարավոր չէ ջնջել:
Նշվում է, որ Ռուսաստանում ապրիլի 1-ից ուժի մեջ է մտնում օրենքը, համաձայն որի պարտադիր է դառնում սմարթֆոններում մի շարք տեղական հավելվածների նախատեղադրումը: Տիգրան Խուդավերդյանը նշել է, որ օրենքում չկա մաս, որի համաձայն նախատեղադրված հավելվածները չեն կարող ջնջվել:
Նրա խոսքով, «Յանդեքս»-ը երբեք չի խնդրում գործընկերներին իր հավելվածը անջնջելի դարձնել եւ ընկերությունը նման համաձայնագիր չի ստորագրել սմարթֆոններ արտադրող որեւէ ընկերության հետ:
«Մենք դեմ ենք դրան, քանի որ այդպես անել վատ է օգտատիրոջ համար: Մենք մարդկայնորեն համաձայն ենք բոլոր նրանց հետ, ում այս լուրը զայրացրել է: Այո, այդպես չի կարելի անել»,- գրել է նա Facebook-ում:
Տիգրան Խուդավերդյանի խոսքով, իրենք դիմել են Samsung-ին եւ սմարթֆոնների այլ արտադրողների՝ խնդրելով չնախատեղադրել «Յանդեքս»-ի հավելվածը սմարթֆոնում՝ առանց օգտատիրոջը ջնջման հնարավորություն տալու: