14:15 | 23.03.21 | Նորություններ | 5072

Արցախյան պատերազմի մասնակիցները կարող են դիմել DISQO-ի եւ ԱՏՁՄ-ի անվճար ՏՏ դասընթացներին

Ապրիլի 15-ից ԱՏՁՄ-ի «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագրի շրջանակներում կմեկնարկեն «Gate to Product Management» եւ «Java Basics» դասընթացները, որոնք կվարեն DISQO ընկերության ավագ մասնագետները։

Դասընթացները տեւելու են 4 ամիս եւ դրանց մասնակցությունն անվճար է։ Գրանցումն արդեն բաց է, իսկ տեղերը՝ սահմանափակ։

Ծրագրի ավարտին կանցկացվի թեստավորում, որտեղ գերազանց արդյունք դրսեւորելու դեպքում հնարավորություն կտրվի փոխադրվել հաջորդ կրթական փուլ՝ DISQO-ում իրականացվելիք փորձաշրջանին մասնակցելու հնարավորությամբ։


«Հուսով ենք, որ մասնակիցներից գոնե մեկը կամ երկուսը հետագայում կհամալրեն մեր թիմը DISQO-ում, ու դրա համար մենք պատրաստ ենք տալ առավելագույնը մեր փորձից եւ գիտելիքից։ Միեւնույն ժամանակ ակնկալում ենք պատրաստակամություն եւ սովորելու մեծ ցանկություն մասնակիցներից, առանց որոնց դժվար կլինի հաջողել ոչ միայն դասընթացներում, այլ նաեւ աշխատաշուկայում»,- նշել է «Gate to Product Management» կուրսի դասընթացավար Իսսան։

Դասընթացը հասանելի է լինելու թե՛ առցանց եւ թե՛ առկա ձեւաչափերով, ուստի չկա աշխարհագրական սահմանափակում, եւ կազմակերպիչները ակնկալում են նաեւ գրանցումներ ստանալ ՀՀ մարզերից։ «Ծրագիրը կազմել ենք պրակտիկ բովանդակությամբ, որպեսզի դրանք օգնեն մասնակիցներին ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքն ու փորձը ՏՏ աշխատաշուկա մտնելու եւ հաջողելու համար»,- նշել է «Basics to Java» կուրսի դասընթացավար Լիլիթը Գաբրիելյանը։  

Մասնակիցներն ընտրվելու են հարցազրույցի կամ թեստավորման արդյունքում, որն անցկացնելու է ԱՏՁՄ թիմը։

Սա DISQO-ի թվով երկրորդ համագործակցությունն է այս տարվա ընթացքում պատերազմից տուժած անձանց աջակցելու համար։ Առաջինը հունվարին իրականացրած «Adopt a family» ծրագիրն էր՝ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) հետ համագործակցությամբ՝ Արցախից տեղահանված ընտանիքների վերաբնակեցմանն աջակցելու նպատակով։

«Մենք այսպես ասած «որդեգրեցինք» 21 ընտանիքի վերաբնակեցման հոգսերի մի մասը՝ ֆինանսական աջակցություն տրամադրելով։ Այս ծրագրին մասնակցեցին ոչ միայն հայաստանյան գրասենյակի աշխատակիցները, այլեւ մեր թիմակիցներն ԱՄՆ-ից, ովքեր համատեղ ջանքերով եւ ընդամենը մեկ օրում 12.800 ԱՄՆ դոլար նվիրաբերեցին։ Ուստի կցանկանայի հատուկ շնորհակալություն հայտնել թե՛ մեր գործընկերներին եւ թե՛ թիմակիցներին՝ այս նախագծերն իրականացնելուն նպաստելու համար»,- պատմել է DISQO-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Թանիա Սահակյանը։