14:40 | 16.03.21 | Նորություններ | 2686

«Հայփոստ»-ն էլեկտրոնային փող կթողարկի

«Հայփոստ» ՓԲԸ-ն հայտարարում է, որ ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ ընկերությունը 2021թ. մարտի 11-ին ստացել է Էլեկտրոնային փող թողարկելու եւ սպասարկելու թույլտվություն:

Ինչպես նշել են ընկերությունում, այժմ նախատեսվում է բոլոր փոստային բաժանմունքներում կենսաթոշակների վճարումներն իրականացնել նաեւ անկանխիկ եղանակով՝ էլեկտրոնային դրամապանակով:

Ծառայությունից օգտվելու համար կենսաթոշակառուն պարզապես պետք է անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր/ID քարտ) մոտենա «Հայփոստ»-ի՝ իր հասցեն սպասարկող փոստային բաժանմունք:

«Ուրախ ենք, որ «Հայփոստ»-ը եւս մեկ նորարությամբ է հանդես գալիս: Այս ծրագիրը ստեղծելիս մեզ համար կարեւոր սկզբունք է եղել, որ կենսաթոշակառուն շարունակի սպասարկվել առավել հարմար եղանակով, եւ այժմ կենսաթոշակառուի կողմից լրացուցիչ գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն չկա»,- նշում է «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:

«Կենսաթոշակառուն իր՝ «Հայփոստ» դրամապանակի հաշվից գումարի կանխիկացման գործարքները կատարելու է առանց միջնորդավճարի: Էլեկտրոնային դրամապանակով սպասարկումը հնարավորություն է տալիս կենսաթոշակների վճարումը շարունակել իրականացնել նաեւ փոստատարների կողմից հասցեական առաքման միջոցով»,- նշված է հաղորդագրության մեջ: