11:30 | 15.03.21 | Նորություններ | 2244
Ռուսաստանյան Rusbase (Rb.ru) բիզնես պորտալը կազմել է մանրամասն բիզնես ուղեցույց, որտեղ պատմում է, թե ինչ հնարավորություններ է ընձեռում Հայաստանը ՏՏ նախագծերին եւ ուր կարող է գնալ ստարտափը հետագա աճն ապահովելու համար։
«Ուր գնալ ստարտափներին Հայաստանում» անվանմամբ հրապարակման մեջ առանձին ենթաբաժիններով ներկայացված են՝
- ստարտափներն ու խոշոր ՏՏ ընկերությունները,
- բիզնես հրեշտակներն ու վենչուրային ֆոնդերը,
- աքսելերատորներն ու բիզնես ինկուբատորները,
- միջոցառումները, մրցույթներն ու գագաթնաժողովները,
- ստարտափների հետ կապված համայնքները, որոնց թվում նաեւ՝ Մեդիամաքս-ի Itel.am նախագիծը,
- կրթական ծրագրերը,
- հայրենադարձությանը աջակցող կազմակերպությունները։
«Հիմնարկ» ընկերության (Himnark.am) համահիմնադիր եւ տնօրեն Ռուբեն Օսիպյանը Rusbase-ին ասել է, որ հայաստանյան մի քանի ՏՏ նախագծերի հաջողության շնորհիվ մոդայիկ է դարձել գործարար լինելը, եւ շատ ուսանողներ ուսման հետ զուգահեռ սկսել են հիմնել իրենց ստարտափները։ «Միաժամանակ, ստեղծվեցին ներդրումային ֆոնդեր, որոնք ուղղված էին գործունեության տարբեր փուլերում գտնվող ստարտափներում ներդրումներ կատարելուն»,- նշել է գործարարը։
«Երեւանում գրեթե կատարյալ պայմաններ են pre-seed փուլի, ստարտափի մշակման եւ բետա տարբերակի գործարկման համար: Երբ արդեն կա պրոդուկտը եւ առաջին վկայականները, կարելի է ներդրումներ փնտրել արտասահմանում՝ առանց խուճապի մատնվելու ժամանակի եւ գումարի բացակայության պատճառով, ինչպես դա տեղի է ունենում 10 ստարտափներից 9-ի հետ: Եթե ստարտափի հաջողությունը պայմանավորված է թիմով, ապա վստահ եղեք՝ Հայաստանը ճիշտ ընտրություն է: Բոնուսը կյանքի լավ որակն է՝ քիչ փողի դիմաց»,- իր հերթին ասել է ooodesign.ru-ի ղեկավար Տիգրան Գրիգորյանցը: