14:13 | 18.02.21 | Նորություններ | 3174

Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ուղիները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Արաբական Միացյալ էմիրությունների (ԱՄԷ) արհեստական բանականության, թվային կառավարման եւ հեռավար աշխատանքի նախարար Օմար Բին Սուլթան ալ Օլամայի հետ տեսազրույցի ընթացքում քննարկել է արհեստական բանականության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավոր ուղղությունները:

Արաբական կողմը նշել է, որ իրենք անցում են կատարում դեպի թվային նոր ռազմավարության:

Նախարարն իր հերթին տեղեկացրել է, որ վերջերս ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանի Թվայնացման ռազմավարությունը, որի շուրջ եւս կարող են համագործակցել եւ դրա թարգմանված տարբերակը պատրաստ են փոխանցել արաբական կողմին:


Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ ԱՄԷ-ում «Հայկական վիրուտալ կամուրջ» ծրագրի շրջանակներում հայկական անկյուն ունենալու գաղափարին, ինչը հնարավորություն կտա հայկական տեխնոլոգիական սկսնակ ընկերություններին իրենց պատշաճ ներկայացվածությունն ունենալ Արաբական էմիրություններում, մասնակցել պետական տարբեր միջոցառումների եւ մրցույթների, ներդրումներ ստանալ արաբական կողմից:

Հակոբ Արշակյանը ԱՄԷ գործընկերոջը հրավիրել է մասնակցելու #ArmHiTec2021 պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսին, որը Հայաստանում կանցկացվի 2021 թ. մարտի 25-27-ը: