16:42 | 29.12.20 | Նորություններ | 32545

ԵՄ աջակցությամբ հիմնադրված ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփել է անցնող տարին

ԵՄ աջակցությամբ հիմնադրված ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը (ԻՐԻՍ ԲԻ) ներկայացրել է  փոխառությունների ու դրամաշնորհների ձեւով 2020թ. հաղթող ռեզիդենտներին տրամադրված ներդրումների արդյունքները։

2020-ի ընթացքում ԻՐԻՍ ԲԻ-ի հիմնական խոշոր ձեռքբերումներից առաջինը 44 հաղթող ռեզիդենտներն էին` իրենց վառ գաղափարներով եւ բիզնեսներով: Երկրորդ նշանակալի ձեռքբերումը դրամաշնորհների եւ փոխառությունների տրամադրումն էր:

Հարկ է նշել, որ 2020 թ.-ին ԻՐԻՍ ԲԻ-ի կողմից հատկացվել է շուրջ 66.000 եվրոյին համարժեք փոխառություն եւ 141.000 եվրոյին համարժեք դրամաշնորհ: Ավելին, հաջորդ տարի ֆինանսավորման ծավալներն աճելու են:

«Հաղթահարելով 2020 թ.-ի բոլոր խոչընդոտները՝ ԵՄ աջակցությամբ հիմնադրված ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ապացուցեց, որ մեզ համար չափազանց կարեւոր է ինչպես մեր ռեզիդենտներին գիտելիքներ ու հմտություններ փոխանցելը, այնպես էլ նրանց առաջխաղացմանը բոլոր հնարավոր ձեւերով աջակցելը` անշուշտ, նպաստելով Հայաստանում բիզնեսի աճին՝ հօգուտ մեր տնտեսության կայունության ու զարգացման։ Այսօր մեր խոշոր ձեռքբերումներից է՝ տեսնել, թե ինչպես են ծաղկում նրանց գաղափարներն ու բիզնեսները»,- նշել է ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի գործադիր տնօրեն Նարինե Թերզյանը:

ԵՄ աջակցությամբ հիմնադրված ԻՐԻՍ ԲԻ-ն ստեղծվել է 2019 թ․-ին «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության եւ «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից՝ «Սիրիահայերի եւ տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը ֆինանսավորվում է Սիրիական ճգնաժամին ի պատասխան ստեղծված ԵՄ տարածաշրջանային Թրասթ ֆոնդի՝ «ՄԱԴԱԴ» ֆոնդի, Ավստրիական զարգացման համագործակցության եւ Ավստրիական Կարմիր խաչի կողմից։

ԻՐԻՍ ծրագրի ֆինանսավորումը 3,3 միլիոն եվրոյին համարժեք ՀՀ դրամ է (3 միլիոնը՝ հատկացված ԵՄ ՄԱԴԱԴ ֆոնդի կողմից), որից 1,9 միլիոնը կազմում է ԻՐԻՍ ծրագրի տնտեսական ինտեգրման բաղադրիչի շրջանակում ստեղծված ԻՐԻՍ ԲԻ-ի բյուջեն:

Ընդհանուր առմամբ 1,9 միլիոն եվրոյի հասնող այս ֆինանսավորումը աջակցելու է  սիրիահայ եւ տեղացի ձեռներեցներին, ինչպես նաեւ փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՓՄՁ)` զարգացնելու թե′ սկսնակ, եւ թե′ գործող բիզնեսների արդյունավետ կառավարումը։

ԻՐԻՍ ԲԻ-ի նպատակն է դառնալ ստարտափների ապագա սերունդների կայուն զարգացման գործիք եւ նորարարական մոտեցումների միջոցով Հայաստանում խթանել ձեռնարկատիրական մշակույթի զարգացումն ու տնտեսության մրցունակության աճը: ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի  առաքելությունն է խթանել սիրիահայերի ու տեղացիների տնտեսական ինտեգրումը` բարձրացնելով տեղական տնտեսության մրցունակությունը` խթանելով Հայաստանում նորարարությունն ու ձեռնարկատիրական ոգին: