10:38 | 28.12.20 | Նորություններ | 32668

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ Արարատի մարզում ենթակառուցվածքների զարգացման ծրագիր է իրականացվել

Նախ՝ համավարակ, ապա երկու պատերազմ՝ մեկ տարվա ընթացքում… աշխատանքների իրականացման ոչ ստանդարտ ձեւաչափ եւ հաստատված ծրագրերի իրականացման անհրաժեշտություն: Չնայած բոլոր մարտահրավերներին՝ Վիվա-ՄՏՍ-ն ու Վայր բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ձգտել են իրականացնել ընթացիկ տարվա ծրագրերը:
 
Երասխ-Եղեգնաձոր ավտոմայրուղու հարեւանությամբ գտնվող՝ սահմանամերձ Պարույր Սեւակ գյուղում կարեւոր խնդիր է լուծվել: Շենքային մեծ հնարավորություններ, բայց ջեռուցում չունենալու պատճառով, տարիներ շարունակ գործել է գյուղի մանկապարտեզի միայն 20%-ը: Տարիների գործընկերներն այստեղ կառուցել էին էլեկտրական կաթսայով աշխատող ջեռուցման համակարգ, որը համալրվել էր արեւային ջրատաքացուցիչով: Իսկ շենքի վերանորոգումից հետո, երբ արդեն շահագործվել է դրա 60%-ը, ավելացել են ջեռուցման համակարգի ծավալն ու էլեկտրաէներգիայի ծախսը:

«Էկո գյուղերի ցանց» ծրագրի շրջանակներում, համայնքային ծախսերն ավելի շատ կրճատելու նպատակով, տեղադրվել է  նաեւ 19 ԿՎտ դրվածքային հզորությամբ՝ արեւային ֆոտովոլտային համակարգ: Ծրագրի շնորհիվ, լուծվել է մանկապարտեզի ջեռուցման եւ հարակից փողոցների լուսավորության համար ծախսվող էլ. Էներգիայի խնդիրը: Կատարված հաշվարկների համաձայն՝ տարեկան հնարավոր կլինի տնտեսել շուրջ 1.5 մլն. դրամ:
 
«Տարին բարդ էր, բայց կար նպատակ, որն անհրաժեշտ էր իրականացնել։ Դեռ չգիտենք, թե ինչ նոր մարտահրավերներ կլինեն, բայց ակնհայտ է, որ գյուղերում ենթակառուցվածքներ զարգացնելը շատ կարեւոր է։ Դրանում համոզվել ենք տարիներ շարունակ իրականացվող աշխատանքից, մեր ծրագրերի արդյունքից եւ գյուղացիների արձագանքից։ Դա պարտավորեցնում է կենտրոնանալ աշխատանքի վրա, ջանքեր գործադրել եւ լուծել եղած խնդիրները` հատկապես սահմանամերձ եւ հեռավոր գյուղերում։ Նվիրված աշխատանքով կարող ենք հաջողել»,- տեսազանգի ժամանակ ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
 
«Չնայած իրավիճակին՝ աշխատանքները կարողացանք շարունակել: Ե՛վ Պարույր Սեւակ, եւ՛ սահմանամերձ մյուս գյուղերում, որտեղ ծրագրեր էինք իրականացնում, լարվածությունն զգացվում էր: Ամեն դեպքում, այսօր կարող ենք արձանագրել, որ գործադրված ջանքերն արդարացված են, իսկ ցանկալի արդյունքը՝ ապահովված»,- ասել է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:
 
Վիվա-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության ու մշակույթաին արժեքների պահպանման հիմնադրամի ջանքերով, լուծվել է Արարատի մարզի եւս մեկ գյուղի փողոցային լուսավորության խնդիր: Ուրցալանջի մի փոքրիկ հատված, նախկինում ունեցել է էկոնոմ եւ գազային լամպերով աշխատող լուսավորության համակարգ: Միմյանցից մեծ հեռավորության վրա գտնվող լուսարձակների ծախսը եղել է շատ, իսկ ապահոված լուսավորությունը՝ ոչ բավարար: Շարքից դուրս եկող լամպերի հաճախակի փոխարինումն էլ ավելացրել է չնախատեսված ծախսերը:
 
Գործընկերներն այստեղ փողոցային արտաքին լուսավորության նոր համակարգ են կառուցել: Տեղադրվել է 45 LED լուսարձակ: Դրանք, ի դեպ, իրենց խնայողությամբ ամենաարդյունավետն են: Այժմ լուսավորվել  են Ուրցալանջի բոլոր փողոցները` շուրջ 1700մ:

«Նախկինում լույսեր ունեցել ենք, սակայն ոչ բավարար լուսավորությամբ: Հաճախակի շարքից դուրս էին գալիս լամպերը, ծախսն էլ շատ էր: Հիմա ամեն ինչ այլ է. ունենք լուսավորության ժամանակակից համակարգ: Սահմանամերձ գյուղերին ուշադրության կենտրոնում պահելն անհրաժեշտ է, որպեսզի աստեղ ապրողը չհուսահատվի, չլքի իր հողն ու չհեռանա»,- ասել է Ուրցալանջ համայնքի ղեկավար Վահագն Համբարձումյանը: