10:53 | 22.12.20 | Նորություններ | 3565

6 ընկերություն իրավունք է ստացել գործել «Ինժեներական քաղաք»-ում

Դեկտեմբերի 21-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում կայացել  է «Ինժեներական քաղաք» (ԻՔ) ներդրումային ծրագրի Հավաստագրման հանձնաժողովի առաջին նիստը:

Հանձնաժողովի կողմից քննարկվել եւ հավանության են արժանացել «ԻՆՍՕԼ», «ԻՆԺԵՆԵՐԻՆԳ ՊԼԱԶԱ», «ԻՆՏԵԳՐԱՏՈՐ», «ԵԻԱ ԻՆԺԵՆԵՐԻՆԳ», «ՊՐՈՋԵԿՏ ԻՆՏԵԳՐԵՇՆ», «ՎԱՆ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ» ըներությունները, որոնք իրավունք են ստացել համապատասխան ընտրված տարածքում հիմնելու գրասենյակ եւ գործունեություն ծավալելու որպես ԻՔ ռեզիդենտներ:

Հավաստագրման հանձնաժողովի կազմում ընդգրկված էին՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալը, ներկայացուցիչներ ՀՀ փոխվարչապետի գրասենյակից, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերությունից, «Ինժեներական ասոցիացիայից», Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից:

Հայտ ներկայացրած կազմակերպությունները հիմնականում զբաղվում են բարդ ինժեներական ինտեգրացված լուծումներով, որոնց արտադրանքի ավելի քան 80 տոկոսն ուղղվում է արտահանման:

«Ինժեներական քաղաքի» ռեզիդենտի կարգավիճակ ձեռք բերելու հնարավորություն ունեն ինժեներական բարձր տեխնոլոգիաների ոլորտի՝ նյութագիտության, էլեկտրոնիկայի, չափիչ սարքավորումների եւ համակարգերի, ռադիոհաճախականային սարքավորումների եւ համակարգերի, ավիատիեզերական սարքավորումների եւ համակարգերի, ռոբոտաշինության, կիսահաղորդչային սարքավորումների, վարորդների աջակցման արդի համակարգերի (ADAS), ինչպես նաեւ կենսաբժշկական սարքավորումների ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունները։

Ծրագրի մասնակցության չափորոշիչներին բավարարելու եւ ԻՔ ռեզիդենտի կարգավիճակ ստանալու դեպքում՝ ընկերությունները հնարավորություն են ստանում նվիրաբերության միջոցով եւ սեփականության իրավունքով ստանալու 250 քմ կամ 500 քմ հողատարածք՝ գրասենյակ կառուցելու նպատակով, ինչպես նաեւ հասանելիություն են ունենալու՝ համատեղ օգտագործվող ժամանակակից ինժեներական լաբորատոր սարքավորումներին եւ արտադրական մեքենաներին։