11:12 | 18.12.20 | Նորություններ | 32328

Հայաստանի ստարտափ ակադեմիան ընդունում է հայտեր նախաաքսելերացիոն ծրագրի համար

Հայաստանի ստարտափ ակադեմիան ընդունում է հայտեր նախաաքսելերացիոն ծրագրի 6-րդ շրջանի համար։

Այն 12-շաբաթյա ինտենսիվ ծրագիր է, որն առաջնորդում է նախատիպային փուլում գտնվող  ստարտափներին իրենց գաղափարի վավերացման, հաճախորդների զարգացման, շուկա մուտքի ռազմավարության մշակման եւ փիչինգ հմտությունների զարգացման հարցում:

Անվճար ծրագիրն իրականացվում է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (German Development Cooperation-GIZ) կողմից իրականացվող «Տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ։

Ծրագրին կարող են դիմել վաղ փուլում գտնվող տեխնոլոգիական ստարտափները, որոնք ունեն ուժեղ թիմեր՝ մասնակիցների միմյանց լրացնող հմտություններով, շուկայի ընդլայնման ներուժ եւ ցանկանում են գործնական փորձ ձեռք բերել ստարտափի զարգացման համար կարեւոր տարբեր ոլորտներում: Հարկավոր է մինչեւ դեկտեմբերի 27-ը դիմել հետեւյալ հղումով:

6-րդ շրջանի կարեւոր լրացումներից է այն, որ ծրագրի մասնակից լավագույն արդյունքներ ցուցաբերած առավելագույնը 8 ստարտափները իրավասու են ստանալ մինչեւ 10,000 եվրոյի չափով ԵՄ դրամաշնորհ: Դրամաշնորհների եւ իրավասության չափանիշների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ հասանելի են այստեղ:

Եռամսյա նախաաքսելերացիոն ծրագիրը բաղկացած է հետեւյալ 4 հիմնական բաղադրիչներից՝ հաճախորդների զարգացում, բիզնեսի զարգացման մենթորություն, խմբային քննարկումներ եւ սեմինարների, եւ փիչինգ (pitching) հմտությունների զարգացում:

Ծրագիրը հնարավորություն է ընձեռում նաեւ ծանոթանալ Հայաստանում եւ արտերկրում գտնվող բազմաթիվ մասնագետների հետ, ինչը ծրագրի ընթացքում կամ հետագայում կարող է վերածվել արժեքավոր համագործակցության հնարավորությունների ստարտափների համար, տրամադրում է ֆինանսական եւ իրավական աջակցություն, օժանդակություն տարածաշրջանային եւ համաշխարհային այլ աքսելերացիոն ծրագրերին դիմելու համար, օգնում ներդրումներ ներգրավելու եւ գործունեությունը միջազգային շուկաներում ընդլայնելու գործընթացներում, եւ ավելին։

Ինչպես նախորդ շրջափուլերի ժամանակ, այնպես էլ այժմ ծրագիրը կեզրափակվի Դեմո օրով, որի ժամանակ հիմնադիրները կներկայացնեն իրենց լուծումները ներդրողներին, տեխնոլոգիական հանրությանը եւ ավելի լայն լսարանին:

Ծրագրի մասին ավելին իմանալու եւ հարցեր ուղղելու համար կարելի է միանալ տեղեկատվական հանդիպմանը դեկտեմբերի 22-ին ժամը 18:00-ին՝ նախապես գրանցվելով հետեւյալ հղումով։