12:26 | 15.12.20 | Նորություններ | 3809
ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը Մոսկվայում մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել, որոնց ընթացքում ռազմավարական զարգացման վերաբերյալ քննարկումներ են տեղի ունեցել նաեւ Հայաստանում «Ալյանս» ազատ տնտեսական գոտու տարածքների եւ «ՌԱՕ Մարս» ՓԲԸ ռուսական կազմակերպությունների գործունեության շուրջ:
Մասնավորապես, Հակոբ Արշակյանի եւ ՌԴ Պետական գույքի կառավարման դաշնային գործակալության ղեկավար Վադիմ Յակովենկոյի աշխատանքային հանդիպման ընթացքում նախարարը հատկանշական է համարել Հայաստանում «Ալյանս» ազատ տնտեսական գոտու տարածքների՝ «ԵրՄՄԳՀԻ» (Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ) ՓԲԸ եւ «ՌԱՕ Մարս» ՓԲԸ ռուսական կազմակերպությունների գործունեությունը:
Նա կարեւորել է ազատ տնտեսական գոտու տարածքում գործող ինովացիոն ընկերությունների գործունեության ընդլայնումը, բարձր գնահատել վերջիններիս զարգացման տեմպերը։ Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՌԴ առեւտրի եւ արդյունաբերության նախարարի տեղակալ Ալեքսեյ Գրուզդեւը եւ ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանը:
Հիմնվելով արդեն առկա փորձի վրա՝ նախարարը համոզմունք է հայտնել, որ համատեղ ծրագրեր իրականացնելու արդյունքում, հայկական գիտական եւ ինժեներական մտքի շնորհիվ, հնարավոր կլինի ստեղծել ռազմական եւ ինժեներական արտադրանք՝ հետագայում երկու երկրների զարգացման նպատակով կիրառելու համար:
Դաշնային գործակալության ղեկավարը դրական է գնահատել առաջարկը եւ տեղեկացրել, որ համատեղ հետագա զարգացման ծրագրի առկայության դեպքում հնարավոր կլինի իրականացնել առարկայական քննարկումներ եւ աշխատել գործակցության ճանապարհային քարտեզի մշակման ուղղությամբ: