10:46 | 07.12.20 | Նորություններ | 3828

GateWay․ Hero House-ի Գլենդելում մեկնարկած ծրագիրը կօգնի ստարտափներին մուտք գործել եւ ընդլայնվել ԱՄՆ շուկայում

Hero House-ը Գլենդելում մեկնարկել է GateWay ծրագիրը՝ օգնելու տարածաշրջանի նորաստեղծ տեխնոլոգիական ընկերություններին մուտք գործել եւ ընդլայնվել ԱՄՆ շուկաներում՝ կապելով Արեւելյան Եվրոպայի խորը տեխնոլոգիական թիմերին Հարավային Կալիֆորնիայում առկա բիզնես եւ գիտական փորձի հետ:

Hero House GateWay-ը տրամադրում է 12-շաբաթյա ուսուցման ծրագիր՝ կենտրոնացած ընկերությունների վաճառքի եւ աճի հաքինգի (Growth Hacking), աճի հնարավոր ուղիները սահմանելու եւ ռազմավարություններ մշակելու վրա, որին հաջորդելու է 8-շաբաթյա աշխատանք Հարավային Կալիֆոռնիայում ներդրումներ ներգրավելու եւ միջազգային շուկաներում ընդլայնվելու ուղղությամբ։

Համագործակցելով աշխարհի առաջատար հետազոտական համալսարանների հետ՝ ծրագիրը նորաստեղծ տեխնոլոգիական ընկերություններին զինում է ժամանակակից տեխնոլոգիաներով եւ լայնամասշտաբ զարգացման հնարավորություն տալիս:

Նորագույն տեխնոլոգիաներով զինված կամ դրանց կիրառման ներուժ ունեցող ընկերությունները կարող են դիմել ծրագրին մինչեւ դեկտեմբերի 18-ը՝ ներառյալ: Հայտերը հասանելի են այստեղ։

Հավելենք, որ դեկտեմբերի 8-ին, երեկոյան 19:30-ին կանցկացվի առցանց տեղեկատվական հանդիպում, որին մասնակցելու համար հարկավոր է նախապես գրանցվել այստեղ։