12:26 | 12.11.20 | Նորություններ | 3419
Հուլիս-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ DDoS-գրոհների քանակն ամբողջ աշխարհում աճել է մեկուկես անգամ։ Բացի այդ, երրորդ եռամսյակում սահմանվել է մեկ օրում DDoS-գրոհների թվի տարեկան ռեկորդ։
Առավելագույն ծանրաբեռնվածությունը հուլիսի 2-ին էր. այն ժամանակ գրանցվել է 323 գրոհ։ Նախորդ ռեկորդը ՝ օրական 298 գրոհ, գրանցվել էր ապրիլի 1-ին։
Միջինում երրորդ եռամսյակում օրական անցկացվել է 106 գրոհ, երկրորդում՝ 10-ով ավելի։ Փորձագետների խոսքով ՝ դա ցույց է տալիս, որ աղբի տրաֆիկի ծավալը սկսել է նվազել, թեեւ դեռեւս զգալի է մնում։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։
«Երկրորդ եռամսյակում մենք դիտարկել ենք DDoS-գրոհների անոմալ աճ՝ համավարակի եւ մեր սովորական գործընթացների առցանց տարածք տեղափոխման պատճառով։ Ներկա իրավիճակը, համեմատած այս կտրուկ աճի հետ, այնքան էլ կրիտիկական չէ. շատ ընկերություններ արդեն գիտակցել են պաշտպանական մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը եւ վերանայել կիբեռանվտանգության նկատմամբ վերաբերմունքը։ Օրինակ, մենք մի քանի հարցումներ ենք ունեցել դիմակ արտադրող կազմակերպություններից, որոնք նման գրոհների զոհ են դարձել։ Նախկինում այս բիզնեսը նույնիսկ չէր մտածում DDoS-ից պաշտպանվելու մասին,- մեկնաբանում է Kaspersky DDoS Protection նախագծի մենեջեր Ալեքսեյ Կիսելյովը։ - Մենք խորհուրդ ենք տալիս բոլոր նրանց, ովքեր դեռ համապատասխան պաշտպանական միջոցներ չեն ձեռնարկել, չհետաձգել այդ հարցը, առավել եւս, որ տարեվերջին չարագործների ակտիվությունն ավանդաբար աճում է»։
DDoS-գրոհներից պաշտպանվելու համար ընկերությունները պետք է համոզվեն, որ կորպորատիվ կայքերը եւ ՏՏ-ռեսուրսները կարող են մշակել մեծ քանակությամբ տրաֆիկ; օգտագործեն մասնագիտացված պաշտպանական լուծում, որը կապահովի պաշտպանություն բոլոր տեսակի DDoS-գրոհներից՝ անկախ դրանց բարդությունից, ինտենսիվությունից եւ տեւողությունից։