09:50 | 07.11.20 | Նորություններ | 4206

Ucom. Ընկերության բաժնետոմսերն ամբողջությամբ «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ին օտարելու մասին լուրերը կեղծ են

Ucom ընկերությունը հայտարարել է, որ մամուլում տարածված լուրերը, թե իբր «Յուքոմ» ՓԲԸ բաժնետոմսերն ամբողջությամբ «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ին օտարելու մասին որոշում է կայացվել, կեղծ են։

«Մինչդեռ այն տեղեկատվությունը, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 4-ի նիստում որոշում է կայացրել համաձայնություն տալ «Յուքոմ» ընկերության՝ «Ֆորաբանկ» բանկին պատկանող 2 մլն 510 հազար 696 հատ բաժնետոմսերն ամբողջությամբ «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ին օտարելուն, հիմնավոր է եւ վերաբերում է ոչ թե Ընկերության 100% բաժնեմասերի օտարմանը, այլ ընդամենը «Ֆորաբանկ»-ի բաժնեմասին»,- նշել են ընկերությունում:

Մեկնաբանելով նաեւ այն լուրը, թե «ԱյՅուՆեթվորքս» ՍՊԸ կողմից ՀՀ սնանկության դատարան է ներկայացվել «Յուքոմ» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմում, «Յուքոմ» ՓԲԸ-ն հայտարարել է, որ տեղի է ունեցել տեխնիկական սխալ, եւ նոյեմբերի 5-ին «ԱյՅուՆեթվորքս» ՍՊԸ-ն իր պահանջից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել։

«Նշենք, որ երկու ընկերությունների բաժնետերերի կազմում միեւնույն իրավաբանական անձինք են, որոնց միջեւ բոլոր հարցերը կարգավորվում են բանակցությունների միջոցով։ Սնանկության վերաբերյալ պնդումներն անհիմն են եւ իրականության հետ որեւէ աղերս չունեն։ Ընդգծենք, որ «Յուքոմ» ՓԲ ընկերությունը որպես ռազմավարական նշանակության տնտեսական կառույց շարունակում եւ շարունակելու է մեծագույն պատասխանատվությամբ իրականացնել իր առջեւ դրված բոլոր խնդիրները՝ հօգուտ երկրի տնտեսության եւ բաժանորդների»: