15:39 | 03.11.20 | Նորություններ | 3462

«Հզոր գիտություն, հզոր երկիր» ծրագիրը կօգնի զարգացնել ՀՀ գիտական ներուժը

Հայաստանում գիտության զարգացման նպատակով պարբերաբար կազմակերպվում են տարբեր ծրագրեր՝ ի աջակցություն թե՛ մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի ուսանողների, թե՛ արդեն իսկ կայացած գիտնականների։
 
Այսպիսի ծրագրերի շարքում յուրօրինակ է Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնի (AITC) եւ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (EIF) կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ կազմակերպվող «Հզոր գիտություն, Հզոր երկիր» ծրագիրը։ Այն նախատեսված է մագիստրոսների, ասպիրանտների եւ գիտնականների համար։ Նախորդ տարի ծրագրի շրջանակում 104 մասնակից ստացել է անձնական եւ մասնագիտական հմտությունների եւ գիտելիքների զարգացման հնարավորություն։

«Հզոր գիտություն, հզոր երկիր» ծրագիրը ստեղծված է օգնելու զարգացնել  Հայաստանի գիտական ներուժը եւ ապահովել դրա առաջընթացը` ավելացնելով գիտության տարբեր ոլորտներում տաղանդավոր ներկա եւ ապագա գիտնականների թիվը:

Ծրագրի կազմակերպիչները մշակել են 9 մասնագիտացված դասընթաց, եւ ներգրավված մագիստրոսները, ասպիրանտներն ու գիտնականները հնարավորություն կունենան մասնակցել դրանցից մի քանիսում: Դասընթացները մշակվել են տարբեր ակադեմիական ոլորտների նպատակային պահանջներին համապատասխան՝ մասնակիցներին ապահովելու առաջադեմ գիտելիքներով եւ հմտություններով՝ Հայաստանում իրենց հետագա հաջող աշխատանքային կարիերան կառուցելու համար։ Դասընթացները մասնակիցների համար կլինեն անվճար։
 
«Հզոր գիտություն, Հզոր երկիր» ծրագիրը ներառում է դասընթացների հետեւյալ շարքը՝

- Python տվյալագիտության համար
- LINUX-ի հիմունքներ
- GROMACS մոլեկուլային մոդելավորում
- Հաշվարկողական Քիմիա
- Նախագծերի կառավարում հետազոտողների համար
- Ինչպես գրել հաջողված առաջարկ գիտական ոլորտում
- Ինչպես գրել հաջողված հոդված եւ հետազոտություն գիտական ոլորտում
- Արդյունավետ հաղորդակցություններ եւ բանակցություններ
 
Ծրագրում մասնակիցների քանակը սահմանափակ է, իսկ ընտրությունը կկատարվի հիմնվելով մասնակիցների կողմից ներկայացված  մոտիվացիոն նամակի եւ CV-ի վրա: Դասընթացի հաջող ավարտից հետո մասնակիցները կստանան վկայականներ։
 
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը։ Դասընթացների բովանդակային մանրամասները եւ դիմելու վերջնաժամկետները կարող եք տեսնել այստեղ։