17:18 | 21.10.20 | Նորություններ | 2525
Հայաստանում օգտատերերի համակարգիչների 29,3%-ը 2020-ի առաջին եռամսյակում ենթարկվել է տեղային սպառնալիքներով վարակման փորձերի։ Նման գրոհների ենթարկված օգտատերերի բաժինը Վրաստանում կազմել է 22,6%, Ադրբեջանում՝ 30%։
2020-ի հունվար-մարտին հայաստանցի օգտատերերի համակարգիչների 28,7%-ը բախվել է տեղային սպառնալիքներով վարակման փորձերի այն դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 23,5%, իսկ Ադրբեջանում՝ 33,9%։
2019-ի երկրորդ եռամսյակում հայաստանցի օգտատերերի 33,5%-ն է ենթարկվել նման գրոհների, Վրաստանում դրանք գրանցվել են օգտատերերի 26,6%-ի սարքերում, իսկ Ադրբեջանում՝ սարքերի 39,2%-ում։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։
2020-ի երկրորդ եռամսյակում աշխարհում Malware դասի գոնե մեկ տեղային սպառնալիք հայտնաբերվել է միջին հաշվով 17,05% համակարգիչներում, իսկ առաջին եռամսյակում՝ 22,35%-ում։
Փորձագետները նշում են, որ տեղային սպառնալիքները մեծ վնաս կարող են պատճառել հատկապես կորպորատիվ օգտատերերին։ Նրանց համար առավել մեծ վտանգ են ներկայացնում տեղեկատվության հանովի կրիչները (USB-ֆլեշները, ֆոտոխցիկների եւ հեռախոսների հիշողության քարտերը, արտաքին կոշտ սկավառակները)։
Չարագործները դրանց մեջ գրանցում են վնասաբեր ծրագրեր եւ թողնում ընկերությունների կամ դրանց հարակից տարածքներում։ «Գտած» հանովի կրիչը վերցնելով, անփույթ աշխատակիցները դրանք միացնում են աշխատավայրի իրենց համակարգիչներին եւ վարակում դրանք, իսկ այնուհետեւ վնասաբեր օբյեկտները կարող են տարածվել ընկերության ամբողջ ցանցով՝ դառնալով լրտեսության, ֆինանսական միջոցների եւ արժեքավոր տեղեկատվության գողության պատճառ։
Այդ իսկ պատճառով ընկերությունների տեղեկատվական անվտանգության մասնագետները պետք է ամբողջ պատասխանատվությամբ վերաբերվեն սարքերի ֆիզիկական անվտանգությանը եւ պատշաճ վերահսկողություն սահմանեն միացվող սարքերի նկատմամբ։ Այդ անելու համար նրանց կօգնեն ցանցին միացման հսկողության համակարգ եւ սարքերի հսկողության գործառույթ ունեցող պաշտպանական լուծումները, որոնք կան բիզնեսի համար հակավիրուսային ծրագրերում։