16:23 | 28.09.20 | Նորություններ | 1436

Արմեն Սարգսյանը՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի կիբեռհարձակումների մասին

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր բացման խոսքով հանդես է եկել առցանց անցկացվող կիբեռանվտանգության միջազգային խոշոր CYBERSEC2020 համաժողովին, որը տեղի է ունենում ՆԱՏՕ-ի հետ գործընկերությամբ:

CYBERSEC-ը համարվում է կիբերանվտանգության խնդիրներին նվիրված եվրոպական ամենախոշոր համաժողովներից մեկը, որի նպատակն է քննարկել նոր տեխնոլոգիաների հետեւանքով առաջացած մարտահրավերներն ու վտանգներն, ինչպես նաեւ թվային լուծումներն ու տեխնոլոգիաներն ի շահ հանրությունների օգտագործելու հնարավորությունները:

Հանդես գալով բացման խոսքով՝ նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է ներկայիս գերփոխկապակցված աշխարհում կիբերանվտանգության ոլորտի խնդիրներին ու սպառնալիքներին, դրանց հաղթահարման հնարավորություններին: Հայաստանի նախագահը հատկապես ընդգծել է երկխոսության կարեւորությունը ժամանակակից աշխարհում:

«Երկխոսությունը կարեւոր է: Երկխոսությունն է լուծումը, ոչ թե տեխնոլոգիաները: Յուրաքանչյուր տեխնոլոգիայի դեմ կհայտնվի մի նոր տեխնոլոգիա, եւ եթե փորձես ինքդ քեզ պաշտպանել միայն տեխնոլոգիաներ օգտագործելով, ապա շատ հավանական է՝ ձախողվես»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Ընդգծելով, որ մարդկային երկխոսությունն ամենակարեւորն է, Հայաստանի նախագահն անդրադարձել է Ադրբեջանի հրահրած ռազմական վերջին գործողություններին. «Հայաստանի նման երկիրն ամեն օր դիմակայում է կիբեռսպառնալիքներին, որոնք գալիս են ոչ միայն մեր հարեւան Ադրբեջանից, այլեւ Թուրքիայից, որը ՆԱՏՕ-ի անդամ է: Ցավոք սրտի, այս վիրտուալ սպառնալիքն ավելի եւ ավելի նյութական է դառնում:

Թերեւս լսել եք, որ Ադրբեջանը կիրակի օրը հակամարտություն է սկսել Լեռնային Ղարաբաղի սահմաններին: Պետք է հայտարարեմ, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան լիակատար կերպով աջակցում է Ադրբեջանին իր էլեկտրոնային դրոնների՝ կիբեռհարձակումների, ինչպես նաեւ անձնակազմի՝ խորհրդատուների, վարձկանների եւ անգամ F-16 կործանիչների միջոցով:

Սա ողջ աշխարհում բնակվող ցանկացած հայի համար ինչ-որ առումով ուրվականի վերադարձ է: Եվ եթե այդ ուրվականը ի սկզբանե վիրտուալ էր, ապա այն այժմ դարձել է նյութական: Ինչու եմ ասում ուրվական. դա Օսմանյան կայսրության ուրվականն է, որը 105 տարի առաջ ծրագրեց եւ իրականացրեց Հայոց ցեղասպանությունը: Ոչ մի դեպքում մենք չենք կարող թույլ տալ, որ այդ ցեղասպանությունը կրկնվի»: