11:19 | 23.09.20 | Նորություններ | 1569
Հայաստանում օգտատերերի 0,07%-ը 2020թ․ ապրիլ-հունիսին ենթարկվել է մոբայլ բանկային տրոյական ծրագրերի գրոհների։ Վրաստանում նման գրոհների բախվել է օգտատերերի 0,04%-ը։ Ադրբեջանում գրանցվել է համանման ցուցանիշ։
Մոբայլ բանկային տրոյական ծրագրերը 2019-ի երկրորդ եռամսյակում գրոհել են հայաստանցի օգտատերերի 0,1%-ին, եւ այդ ցուցանիշով երկիրը զբաղեցրել է 9-րդ տեղն աշխարհում։ Նույն ժամանակահատվածում այդ վնասաբեր ծրագրերը Վրաստանում գրոհել են օգտատերերի 0,08%-ին, Ադրբեջանում՝ 0,07%-ին։
Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն, մոբայլ բանկային տրոյացիներն աշխարհում ամենաշատը գրոհել են Թուրքիայի (1,29%), Ճապոնիայի (0,90%) եւ Իսպանիայի (0,71%) օգտատերերին։
2020թ․ երկրորդ եռամսյակում աշխարհում հայտնաբերվել է մոբայլ բանկային տրոյացիների տեղադրման 38 951 փաթեթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 13 899-ի դիմաց։
Փորձագետները նշում են, որ կիբեռհանցագործները մոբայլ սարքերը բանկային տրոյացիներով վարակում են օգտատերերի բանկային քարտերի եւ հավելվածների տվյալներին տիրանալու համար։ Արդեն տեղադրված վնասաբեր ծրագիրը ծածկում է բանկային հավելվածի ինտերֆեյսն (միջերես) իր ինտերֆեյսով, եւ տրոյացու ինտերֆեյսում մուտքագրված բանկային տվյալները փոխանցվում են կիբեռհանցագործներին։ Նրանք դեպի զոհի փողերը ճանապարհ են հարթում նաեւ այն մոբայլ բանկային տրոյացիների միջոցով, որոնք ձեռք են գցում բանկերի՝ հաստատման կոդերով SMS-հաղորդագրությունները ։
Օգտատերերը համացանցում պետք է զերծ մնան որեւէ մեկին անհատական եւ բանկային տվյալներ տրամադրելուց, հատկապես նրանց, ովքեր «խնդրում » են դա անել ի պատասխան «շահավետ» առաջարկների։ Հարկ է նաեւ խուսափել ոչ պաշտոնական աղբյուրներից ծրագրեր ներբեռնելուց, քանի որ բանկային տրոյացիները հաճախ թաքցվում են այլ ծրագրերի հետ նույն փաթեթում։ Իսկ ցանկացած տրոյացուց եւ այլ վնասաբեր ծրագրերից պաշտպանվելու համար անհրաժեշտ է տեղադրել հուսալի հակավիրուս, որը կկանխարգելի դրանց տեղադրումը եւ վնասաբեր կայքեր այցելությունը։