14:20 | 04.09.20 | Հոդվածներ | exclusive 77143

ConstApps. մոբայլ հավելվածի ստեղծում՝ 1 ժամում

Հայաստանում ստեղծված ConstApps-ը մոբայլ հավելվածների պատրաստման հարթակ է, որը հնարավորություն է տալիս օգտատերերին 1 ժամվա ընթացքում ստեղծել IOS եւ Android մոբայլ հավելվածներ՝ ամսական ծախսելով շուրջ $45:

Itel.am-ի հետ զրույցում ստարտափի հիմնադիր Իլարիոն Բեկչյանը նշում է, որ իրենց նպատակը միայն մոբայլ հավելված պատրաստելը չէ:

«Մենք փորձում ենք լուծել հաճախորդի հավատարմության խնդիրը եւ մոտեցնել հաճախորդներին ապրանքանիշի ստեղծողին: Հատկապես ներկայում ստեղծված կորոնավիրուսային համաճարակի պայմաններում բոլոր խանութները եւ ռեստորանները կանգնած են մեծ խնդիրների առջեւ: Մեր ստարտափի նպատակն է մոբայլ հավելված ունենալը դարձնել հասանելի եւ մատչելի մեր օգտատերերի համար, եւ նրանց հատկացնել հավատարմություն ստեղծող գործիքներ` ընկերության վաճառքների աճը խթանելու նպատակով»,- ընդգծում է նա:


Ստարտափի հիմնադրի խոսքով, շուրջ 13 տարի ներգրավված լինելով ծրագրերի նախագծման եւ պատրաստման  մեջ, թիմը բազմաթիվ դեպքերի է ականատես եղել, երբ մոբայլ հավելվածի պատվիրատուները պատրաստ չեն եղել այն պատրաստելու համար վճարել անհրաժեշտ գումարը, եւ շատ անգամ նույնիսկ այն պատրաստելուց հետո լիարժեքորեն չեն գործածել:  

Արդյունքում, պարզ դարձավ, որ շուկան ունի հետեւյալ երեք խնդիրները՝

-    Բջջային հավելվածների մշակումը ծախսատար է,
-    Բջջային հավելվածների մշակումն երկար ժամանակ է պահանջում,
-    Բջջային հավելվածները պատրաստելուց հետո հարկավոր է հավելյալ գործիքակազմ այն ամբողջությամբ գործածելու համար:

ConstApps հարթակն ինտեգրվում է վեբ խանութին՝ առանց արտաքին տվյալների տեղափոխման կարիք ստեղծելու: Այն հեշտությամբ ինտեգրվում է Woocomerce հարթակի հետ եւ շուտով կաշխատի Shopify եւ Magento հարթակների հետ:

Ստարտափը նախագծել է երեք փաթեթ՝

-    Basic - միայն Android հավելված - $45 ամսեկան վճար,
-    Standard - Android եւ IOS հավելվածներ - $90 ամսական վճար,
-    Enterprise - նախատեսված է հատուկ կարիքներով հաճախորդների համար:

ConstApps-ի թիմի բաղկացած է 4 հոգուց, ովքեր տարիներ շարունակ միասին աշխատել են միջազգային ընկերությունների հետ` էլեկտրոնային առեւտրի լուծումների մշակման ուղղությամբ:

Իլարիոն Բեկչյանի խոսքով, նախկինում թիմը մշակել էր մի հարթակ, որը տարիների ընթացքում օգնել է ստեղծել 100+ նախագիծ՝ հետագայում դառնալով ConstApps-ի ստեղծման գաղափարի հիմքը:

Թիրախում են բոլոր առցանց խանութները եւ ռեստորանները, որոնք ցանկանում են պատրաստել մոբայլ հավելված իրենց բիզնեսների համար:

Իլարիոն Բեկչյանն ընդգծում է, որ իրենց հիմնական շուկան ԱՄՆ-ն է, բայց չեն բացառում նաեւ գործունեությունը հայկական շուկայում, քանի որ ցանկանում են լուծել տեղական շուկայում առկա խնդիրները:

Նարինե Դանեղյան