11:51 | 03.09.20 | Նորություններ | 1691

Հակոբ Արշակյանը ծանոթացել է Սյունիքի մարզի բարձր տեխնոլոգիական ներուժին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Սյունիքի մարզ կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է մարզպետ Հունան Պողոսյանի հետ, քննարկել մարզում գործող բարձր տեխնոլոգիական ընկերությունների զարգացման հնարավորությունները, մարզի աշխատաշուկայի կառուցվածքը եւ զարգացման ներուժը:

Քննարկվել են մարզում ինժեներական կրթության ուղղությամբ տարվող աշխատանքները, Տեխնոպարկի հիմնադրման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով մարզի ինժեներական ներուժը, մարզում ԹՈՒՄՈ կենտրոն ունենալու եւ այլ ենթակառուցվածքների հեռանկարային զարգացման հնարավորությունները:

Նախարարի գլխավորած պատվիրակությունը մարզպետի ուղեկցությամբ այցելել է  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղ, շրջայց կատարել համալսարանի տարածքում, ծանոթացել հաստատությունում առկա խնդիրներին եւ զարգացման հեռանկարներին:

Շրջայցի ընթացքում նախարար Արշակյանը հանդիպել է Կապանի պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների հետ, նշել է, որ տեխնոլոգիական առաջընթացը Հայաստանի զարգացման ռազմավարական գլխավոր ուղղություններից է, իսկ պոլիտեխնիկական համալսարանի յուրաքանչյուր ուսանող այդ առաջընթացը կերտողներից մեկը կարող է դառնալ:

Նախարարը հատկապես ընդգծել է հայկական հաջողված ընկերությունների ձեռքբերումները, ներգրաված միջազգային ներդրումները՝ շնորհիվ նպատակի եւ դրա նկատմամբ հավատի, աշխատասիրության եւ կրթության ուղղությամբ ջանք չխնայելու հատկությունների:

Նա ներկայացրել է իր գլխավորած կառույցի կողմից իրականացվող ծրագրերը՝ ուսանողների ուշադրությունը հրավիրելով կրթական ծրագրերի վրա, մատնանշել հնարավորությունները, որոնք ստեղծված են բոլոր ուսանողների համար՝ ինքնազարգացման եւ նոր բարձր տեխնոլոգիական ուղղություններով կրթության, «Վիրտուալ կամուրջ» ծրագրի շրջանակներում միջազգային փորձի ձեռքբերման եւ այլ ուղղություններով:

Պատվիրակությունը եղել է նաեւ Կապանի պոլիտեխնիկական համալսարանի տարածքում գործող Արմաթ լաբորատորիայում, որտեղ ուսանողները ցուցադրել են իրենց կատարած աշխատանքները, ստացած գիտելիքներն ու ձեւավորած հմտությունները: