11:06 | 21.08.20 | Նորություններ | 1546

Արմեն Սարգսյանը Սինգապուրի նախագահին է ներկայացրել ATOM նախաձեռնությունը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Սինգապուրի Հանրապետության նախագահ Հալիմա Յակոբի հետ:

Նախագահները տեղեկություններ են փոխանակել երկու երկրներում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակի եւ դրա հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի մասին:

Սինգապուրի նախագահը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ Եվրասիական տնտեսական միության եւ Սինգապուրի միջեւ ազատ առեւտրի համաձայնագիրը Հայաստանի կողմից վավերացնելու համար: Հայաստանի նախագահն իր հերթին նշել է, որ այն մեծ հնարավորություններ կստեղծի երկկողմ եւ բազմակողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար:

Հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը Սինգապուրի նախագահին ներկայացրել է նախագահական ATOM (Advance TOMorrow) նախաձեռնությունը, որի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության ոլորտներում Հայաստանը տարածաշրջանային հարթակ դարձնելն է: Նրա խոսքով՝ մի շարք պետություններ, միջազգային ֆինանսական հաստատություններ եւ համաշխարհային հռչակ ունեցող տեխնոլոգիական ձեռնարկություններ արդեն իսկ համագործակցության պատրաստակամություն են հայտնել, եւ նրանցից մի քանիսի հետ շուտով կկնքվեն նախնական պայմանագրեր:

Անդրադառնալով փոքր եւ հաջողակ պետությունների ակումբ ստեղծելու իր նախաձեռնությանը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ այդ ծրագիրը քննարկվել է մի շարք երկրների ղեկավարների հետ եւ արժանացել հավանության: Նախաձեռնության նպատակը փոքր պետություններին միավորելն է. համագործակցության եւ երկխոսության այս շրջանակում փոքր երկրները կկարողանան փորձ ու գաղափարներ փոխանակել, մշակել ապագայի վերաբերյալ տեսլական եւ օգնել միմյանց։ Սինգապուրի նախագահը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել այս ակումբի ստեղծման գաղափարի նկատմամբ:

Նախագահ Հալիմա Յակոբը Հայաստանի նախագահին հրավիրել է հարմար ժամանակ այցելել Սինգապուր: