15:35 | 18.08.20 | Նորություններ | 19387

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ Մոզրովում ջրի խնդիր է լուծվել

Հեռավոր համայնքներում ենթակառուցվածքների զարգացումը շարունակում է ծրագրային ուղղություն մնալ Վիվա-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համար:

«Էկո գյուղերի ցանց» ծրագրի շրջանակում՝ Վայոց ձորի մարզում ջրամատակարարման բարելավմանն ուղղված քայլեր են ձեռնարկվել: Տարիներ շարունակ ընդհանուր օգտագործման՝ մեկ ջրագծից օգտվող Մոզրով եւ Գնիշիկ գյուղերի բնակիչներն այլեւս ստիպված չեն լինելու հաղթահարել նախկին՝ հողատարածքները ըստ հերթականության եւ ոչ լիարժեք ջրելու խնդիրները:

Մի քանի տարվա ընթացքում Գնիշիկ համայնքի երկու գյուղերի համար կառուցվել եւ գործարկվել են առանձին համակարգեր: Վերջին ծրագիրն իրականացվել է Մոզրովում. կառուցվել է շուրջ 1 կմ նոր ջրագիծ: Այժմ կա ջրի բավարար քանակ եւ անհրաժեշտ ճնշում՝ գյուղացու աշխատանքի ռիթմն իրեն հարմարեցնելու եւ նրա հոգսերը թեթեւացնելու համար: Համակարգի պաշտոնական գործարկմանը փոխարինել է գործընկեր կազմակերպությունների ղեկավարների տեսազանգը:

«Մարզերում ենթակառուցվածքներ զարգացնելը միշտ թիրախային է եղել մեզ համար։ Ուրախ եմ հերթական արդյունքի համար։ Դա մեզանից պահանջեց ոչ միայն ներդրումներ, այլեւ համակարգված աշխատանք եւ համբերություն։ Գյուղում կյանքի ռիթմն ուրիշ է. պահանջում է ավելի մեծ ջանասիրություն։ Գյուղացուն պետք է տալ հողի հետ աշխատելու եւ բերք ստանալու հնարավորություն։ Մենք ձգտել ենք իրականացնել այդ նպատակը»,- տեսազանգի ժամանակ ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Հերթական անգամ, նույն գյուղերի կողքին կանգնելով, ձգտում ենք աստիճանաբար իրականացնել էկո գյուղերի գոյության գաղափարը, ինչը կարեւոր նպատակ է: Անհրաժեշտ է համայնքներում ստեղծել այնպիսի մաքուր միջավայր, որտեղ մարդն ու բնությունը լինեն ներդաշնակ: Դա է առողջ ապագա կերտելու ճանապարհը», - նշել է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ղեկավար Ռուբեն Խաչատրյանը:
 
Նոր համակարգերի կառուցման ու գործարկման արդյունավետությունը զգալի է բնակիչների համար: Հարեւան գյուղերում լուծվել են կարեւոր հարցեր. ջրի օգտագործման համար երբեմնի անհամաձայնություններն այլեւս չկան: Ավելացել են տնամերձերն ու վաղվա օրվա նկատմամբ՝ գյուղացու հավատը: Համայնքի վարչական ղեկավար Արա Լեւոնյանի գնահատմամբ, եւ՛ Մոզրովում, եւ՛ Գնիշիկում, կա գրեթե շուրջօրյա ջրամատակարարում եւ ջրի անհրաժեշտ քանակ՝ կյանքի բնականոն ռիթմով ապրելու եւ այգեգործությամբ զբաղվելու համար: Կարեւոր ձեռքբերում է նաեւ այն, որ այժմ հնարավոր է կաթիլային համակարգով հսկայական տարածություններ ջրել:

Ընդհանուր առմամբ, երկու տարվա աշխատանքի արդյունքում, կառուցվել է  մոտ 4950մ երկարությամբ ջրագիծ,  2  ջրընդունիչ,  5 բաժանարար հանգույց եւ  անհատական միացման 31 կետ: