17:07 | 17.08.20 | Նորություններ | 4150

STARMUS 6-րդ փառատոնը կանցկացվի 2021թ. սեպտեմբերի 6-11-ը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ եւ ՀՀ կառավարության աջակցությամբ 2021 թ. սեպտեմբերի 6-11-ը Հայաստանում կանցկացվի գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնը, որի նպատակներից է երիտասարդներին դեպի գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտ ուղղորդելն է:

Նախագահ Սարգսյանը փառատոնը Հայաստանում հյուրընկալելու առաջարկությունն արել էր դեռ մեկ տարի առաջ՝ Ցյուրիխում կայացած STARMUS 5-րդ փառատոնի ժամանակ:

Նախատեսվում է, որ հաջորդ տարի սեպտեմբերին Հայաստանը մեկ շաբաթով կդառնա տեխնոլոգիաների, գիտության, երաժշտության ու արվեստի միջազգային կենտրոն: Ակնկալվող բազմահազար մասնակիցների եւ այցելուների մեջ կլինեն Նոբելյան մրցանակակիրներ, անվանի գիտնականներ ու երաժիշտներ, մեծ թիվ կկազմեն նաեւ մեր հայրենակիցները:

Աշխարհահռչակ գիտնականները մեկ շաբաթվա ընթացքում իրենց հանդիպումներով եւ դասախոսություններով ոչ միայն նոր մտքեր ու գաղափարներ կհաղորդեն այցելուներին, այլ նաեւ կոգեւորեն հայ գիտնականներին ու երիտասարդությանը: