13:16 | 03.08.20 | Նորություններ | 3036

Այսօր կմեկնարկի «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը

Այսօր երեկոյան կմեկնարկի Հայաստանը աշխարհի առաջատար տեխնոլոգիական կենտրոններին կապող «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը: Պաշտոնական մեկնարկը կտրվի ժամը 19:00-ին՝ հեռավար միջոցառման ժամանակ։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են, որր նախագիծն իրականացվում է ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի ներկայացուցչության հետ համատեղ:

«Հայկական վիրտուալ կամուրջ»-ն ընդգրում է ինկուբացիոն եւ աքսելերացիոն կրթական բաղադրիչներ, որոնց նպատակն է հայ մասնակիցների համար ստեղծել հնարավորություններ՝ միջազգային գործակցության հմտությունների ձեւավորման եւ ներդրումների ներգրավման ուղղություններով:

Ինկուբացիոն բաղադրիչն իրականացվելու է Դրեյփերի համալսարանի կողմից, որին մինչեւ տարեվերջ մասնակցելու հնարավորություն կստանան առնվազն 15 հայ հաջողակ ձեռներեցներ:

Աքսելերացիոն բաղադրիչը ներառում է Սիլիկոնյան հովտի առաջատար մասնագետների, ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչերի, ընկերությունների հիմնադիրների եւ տնօրեների հետ հանդիպումներ, որոնք ամբողջ ծրագրի ընթացքում գործնական խորհուրդներ կտրամադրեն մասնակիցներին: Ծրագրին մասնակցությունը հնարավորություն կտա մուտք գործելու միջազգային շուկաներ կամ աշխատել   ընդլայնման ուղղությամբ:

Ծրագրի շրջանակում է հիմնադրվելու նաեւ «Տեխնոլոգիական եւ նորարարական ՀԱԲ-ը», որը տեղակայվելու է Երեւանի Մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի տարածքում եւ դառնալու է կրթական, հետազոտական եւ զարգացման մասշտաբային ծրագրերի իրականցման հարթակ:

Առցանց հադիպմանը, որպես հրավիրյալ խոսնակներ, կմասնակցեն նաեւ «Adesto տեխնոլոգիաներ» ընկերության գործադիր տնօրեն եւ նախագահ Նարբեհ Տեր-Հակոբյանը, NXP ընկերության փոխնախագահ Գեւորգ Քեշիշյանը, PDF Solutions ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ջոն Քիբարյանը,  GoPro ընկերության փոխնախագահ Լուսինե Եղիազարյանը, NVIDIA ընկերության փոխնախագահ Ռիքարդո Մարիաչին, Սիմոնյան հիմնադրամի հիմնադիր  Սեմ Սիմոնյանը, Service Titan ընկերության համահիմնադիր եւ նախագահ Վահե Կուզոյանը: