11:45 | 31.07.20 | Նորություններ | 19500

«Նովաթել» ընկերությունը մտադիր է ձեռք բերել «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն

«Նովաթել» ընկերությունն այսօր մամուլի հաղորդագրություն է տարածել, որում  հայտնել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ 100 տոկոս բաժնեմասը ձեռք բերելու իր «լրջագույն ցանկության մասին»։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ուսումնասիրությունների արդյունքում «Նովաթելը» հանգել է այն եզրակացության,  որ Հայաստանում  շատ կարևոր է զարգացնել հեռահաղորդակցության հետևյալ ուղղությունները՝ առանձնահատուկ ուշադրության արժանացնելով սահմանամերձ շրջանների եւ գյուղական համայնքների կապի որակի բարձրացմանը․

1. շարժական կապի ծառայությություններ,
2. հանրային ամրակցված հեռախոսակապի ծառայություններ,
3. ամրակցված լայնաշերտ հասանելիությամբ մանրածախ ինտերնետ, ծառայություններ,
4. ամրակցված լայնաշերտ հասանելիությամբ մեծածախ ինտերնետ ծառայություններ,
5. հեռուստատեսության վերահեռարձակման ծառայություններ,  
6. զանգերի վերջնավորման ծառայություններ։

««Նովաթելը» բարձր է գնահատում «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունում ներկայումս աշխատող ինժեներատեխնիկական եւ սպասարկող անձնակազմի բարձր որակավորումը եւ հայտնում իր պատրաստակամուությունը բաժնետոմսերը ձեռք բերելու դեպքում իրականացնել ընկերության արդյունավետ կառավարում։ Գերակա կհամարվի բաժանորդների թվի աճը և կապի որակի բարելավումը ներդրումային ծրագրերի շրջնակներում»,- ասված է հաղորդագրության տեքստում։

Իր ներդրումային ծրագիրը «Նովաթելը» կներկայացնի առաջիկայում կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում։

Հաղորդվում է նաեւ, որ «Նովաթել»-ի լիազոր ներկայացուցիչները հսկայական փորձ ունեն հեռահաղորդակցության ոլորտում հեղինակավոր միջազգային ընկերությունների հետ աշխատանքում, որոնք գործունեություն են ծավալում մի շարք երկրներում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «ՎԵՈՆ Արմենիա»-ի բաժնետոմսերը գնելու մտադրության մասին հայտնել է «Թիմ» ընկերությունը։