15:15 | 24.07.20 | Նորություններ | 2708

«Ստարտափ Ակումբ Դեմո Օր» միջոցառմանը 13 ստարտափ կմասնակցի

«Ստարտափ Արմենիա» հիմնադրամը, Հայաստանում Beeline-ի եւ Children of Armenia Fund-ի հետ համագործակցության շրջանակներում, հայտարարում է Հայաստանի մի շարք համայնքներում «Ստարտափ Ակումբ» կրթական ծրագրի ամփոփման եւ «Ստարտափ Ակումբ Դեմո Օր» առցանց միջոցառման մասին։

Առցանց միջոցառումը, որը կազմակերպվել է Beeline Startup Incubator-ի հետ համագործակցության արդյունքում, տեղի կունենա հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին։ Այն ամբողջությամբ անցկացվելու է առցանց, հայերենով։ Մանրամասները հասանելի են այստեղ:

«Ստարտափ Ակումբ»-ը կրթական ծրագիր է, որը կոչված է բացահայտելու մարզաբնակ պատանի ձեռներեցների թաքնված ներուժը՝ մղելով նրանց նորարարական գաղափարներ առաջ քաշելու, իրենց ստարտափները ստեղծելու եւ խթանելով նրանց սոցիալական ներգրավվածության մակարդակը։

2019թ. ծրագիրը մեկնարկել է Հայաստանի մի քանի համայնքներում՝ Աշտարակում, Ապարանում, Գավառում, Եղվարդում, Կոթիում, Այգեհովտում եւ ունեցել է 13-17 տարեկան շուրջ 160 մասնակից։ Այժմ, երեք փուլից կազմված կրթական ծրագիրը մոտենում է իր ավարտին եւ ձեւավորվել են մի շարք ստարտափներ, որոնք կմասնակցեն կայանալիք «Ստարտափ Ակումբ Դեմո Օր» միջոցառմանը։

«Ստարտափ Ակումբ Դեմո Օր»-ի շրջանակներում Աշտարակ, Ապարան, Եղվարդ, Գավառ, Կոթի եւ Այգեհովիտ համայնքներից 13 ստարտափներ կներկայացնեն իրենց գաղափարները ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչներին ու ոլորտի գիտակներին։ Միջոցառումը կանցկացվի մրցակցային ձեւաչափով, որը ենթադրում է մասնակից ստարտափների կողմից փիչերի (pitch) ներկայացում, կարճատեւ հարց ու պատասխան, ժյուրիի կողմից գնահատում ու know-how, ինչպես նաեւ մրցանակներ ու նեթվորքինգի հնարավորություններ։

«Դեմո Օրը Ստարտափ Ակումբի պատանի ստարտափերների համար առաջին ստեղծարար մարտահրավերը կդառնա, որը հնարավորություն կտա նրանց գործնականում կիրառել դասընթացների ժամանակ ստացած բիզնես գիտելիքները»,-նշել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրեն Արսեն Հարությունյանը: