17:15 | 25.05.20 | Նորություններ | 3033

    Mi Band 5. Xiaomi-ի նոր ֆիթնես թեւնոցը կչափի արյան մեջ թթվածնի մակարդակը

    Xiaomi ընկերության նոր ֆիթնես թեւնոցը՝ Mi Band 5-ը, որը շուկայում կհայտնվի առաջիկայում, աչքի կընկնի մի շարք նորույթներով, մասնավորապես՝ հատուկ սենսորի օգնությամբ կչափի արյան մեջ թթվածնի մակարդակը:

    Նշված գործառույթը հատկապես կարեւոր է դարձել համավարակի այս օրերին, քանի որ սարքը կարող է ահազանգել առողջության հետ կապված խնդիրների մասին՝ առաջին նշանների ի հայտ գալուց առաջ:

    Mi Band 5-ը նաեւ անհպում վճարումների իրականացման համար NFC չիպի հնարավորություն կունենա եւ ինտեգրված Amazon Alexa ձայնային օգնական:

    Եւս մեկ հետաքրքիր գործառույթ է Ակտիվության անհատական ինդեքսը, որը կվերլուծի սրտի ռիթմը, տարբեր ծանրաբեռնվածությունների հանդեպ օրգանիզմի ռեակցիան եւ կհաշվի, թե տվյալ մարդուն որքան ակտիվություն է պետք գրանցել՝ առողջ մնալու համար:

    Չինաստանում սարքը վաճառքի կհանվի հուլիսի սկզբին, իսկ գլոբալ վաճառքների մեկնարկի մասին տեղեկատվություն դեռ հասանելի չէ: