14:10 | 22.05.20 | Նորություններ | 3087

Կարեն Վարդանյան. Տեխնոլոգիական ոլորտը կառուցվածքային փոփոխությունների կենթարկվի

COVID-19-ի արդյունքում ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտը կառուցվածքային փոփոխությունների կենթարկվի, որը տեսանելի կլինի առաջիկա տարիներին:

Այս մասին ասել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը` Տնտեսական լրագրողների ակումբի առցանց հանդիպման ընթացքում:

«Ճգնաժամում գտնվող հայկական ընկերությունների այն մասը, որը չի կարողանա դուրս գալ այս բարդ իրավիճակից, կարձանագրի աշխատակիցների արտահոսք դեպի այն ընկերություններ, որոնք ծրագրային ապահովում են տրամադրում, օրինակ` միջազգային ընկերություններին: Քանի որ շատերն են օգտվում առցանց գործիքներից, ապա կան ընկերություններ, որտեղ աշխատուժի պակաս կա, եւ հենց այնտեղ էլ կուղղվի կադրերի հոսքը»,- նշել է նա:

Կարեն Վարդանյանը կանխատեսել է, որ այս տարի Հայաստանը ոլորտում որոշակի անկում կունենա: Այնուամենայնիվ, նա նշել է, որ նախորդ՝ 2008թ. ճգնաժամի արդյունքում, ՏՀՏ ոլորտը 14 տոկոս աճ արձանագրեց այն ժամանակ, երբ տնտեսության մյուս ոլորտները 44 տոկոս անկում գրանցեցին:

Նա հավելել է, որ առաջիկա տարիներին ՏՀՏ ոլորտ մուտք կգործի նոր, ուժեղ սերունդ՝ ի դեմս «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաների:

«Մոտ 5 տարի հետո տարեկան շուրջ 3000-4000 երիտասարդ կհամալրի ոլորտի մասնագետների շարքերը»,- հավելել է Կարեն Վարդանյանը: